Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով փլատակների տակ մնացած 11 հոգուց բաղկացած շինարարական բրիգադի անդամներից մեկը՝ Վոլոդյա Մաթևոսյանը, այս պահին դեռևս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին Еpress.am-ի հայտնել են բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից:
«Վիճակը համեմատաբար կայուն է, բայց ոչ ծայրահեղ ծանր», – ասել է բժիշկը:
Նրա փոխանցմամբ՝ տուժածների մի մասը, համապատասխան բուժօգնություն ստանալով, տեղափոխվել է բաժանմունքներ, մյուս մասը՝ դուրս գրվել հիվանդանոցից:
Ավելի վաղ՝ վերակենդանացման բաժանմունքից Еpress.am-ին հայտնել էին, որ հիվանդանոց տեղափոխվելու և հաջորդող օրերին Վոլոդյա Մաթևոսյանի վիճակը ծայրահեղ ծանր է եղել:
«Նրա մոտ բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում՝ ողնաշարի պարանոցային հատվածի կոտրվածքներ:Մյուսները, , տեղափոխվել են բաժանմունքներ», – հայտնել էին վերակենդանացման բաժանմունքից:
Հիշեցնենք, որ հոկտեմբերիի 25-ին, ժամը 13.10-ի սահմաններում կիսակառույց շինության փլուզման հետևանքով տուժածներ Կամո Կագրամանովը, Արման Գրիգորյանը, Արսեն Հայրապետյանը, Նահապետ Բադալյանը, Վոլոդյա Մաթեվոսյանը, Սիրակ Թովմասյանը, Էդիկ Սուքիասյանը, Ռոբերտ Առաքելյանը տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Պարզվել էր, որ կիսակառույցի շինարարարական աշխատանքներն ընթացել են ընթացակարգի խախտումներով: Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Epress.am-ի հետ զրույցում ասել էր, որ կառուցապատող ընկերությունը ստացել էր շինթույլտվություն, սակայն քանի որ չէր հասցրել նշված ժամկետում կառուցումն ավարտել, դիմել էր քաղաքապետարան ժամկետը երկարացնելու խնդրանքով: Հողի վերահսկման և քաղաքաշինության վարչությունը հերթական շրջայցերից մեկի ժամանակ բացահայտել էր, որ ընկերությունը նոր տրված ժամկետում էլ չի հասցրել ավարտին հասցնել գործը, ուստի տուգանել էր ընկերությանը ավելին քան 2.200.000 դրամի չափով: