Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեի, Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլւ ծառայությունը, այնուհետև հանդիպումը շարունակվել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ:
«Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Իբրև աշխատանքային առաջարկ, նրանք ներկայացրեցին իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով:
Նախարարները վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:
Նախարարները և համանախագահները պայմանավորվեցին այդ գաղափարների շուրջ քննարկումները շարունակել համանախագահների` նոյեմբերին տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում», – ասված է ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ: