Ավստրալական Նոր Հարավային Ուելսի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պայմանավորված չէ նահանգի օրենսդրական մարմնի որոշմամբ. դա Ստեփանակերտի դիվանագիտական դիրքերի ուժեղացման արդյունք է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Այս համատեքստում Կիրակոսյանը դրական է գնահատել ԼՂՀ Արտաքիր գործերի նախարարի պաշտոնում Կարեն Միրզոյանի նշանակումը և նշել, որ Ստեփանակերտի դիրքերի ուժեղացումը պայմանավորված է նաև Ադրբեջանի սխալներով:
Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Փարիզում կայացած հանդիպմանը, Կիրակոսյանն ասել է, որ ամենահետաքրքիրն այն է, որ այդ հանդիպումը կայացել է մարդասպան Սաֆարովի հարցում Ադրբեջանի ոչ ողջամիտ գործելաոճից անմիջապես հետո: Հանդիպման կարևորությունը, ըստ քաղաքագետի, նրանում չէ, թե ինչ հայտարարություններով հանդես կգան Նալբանդյանն ու Մամեդյարովը: «Կարևորն այն է, որ դա մարտահրավեր էր Մինսկի Խմբին և միջազգային հանրությանը: Ադրբեջանը պետք է վճարի նրա համար, որ սպառնում է պատերազմով և նման ոչ ողջամիտ պահվածք է դրսևորում», – նշել է Կիրակոսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ Հայաստանը ճիշտ է վարվել՝ դուրս չգալով ՄԽ-ի շրջանակներում բանակցություններից՝ դրանով իսկ ապացուցելով, որ խնդիրը միշտ Ադրբեջանի մեջ է, այլ ոչ թե Հայաստանի կամ Ղարաբաղի: Միևնույն ժամանակ, Կիրակոսյանը նշել է, որ քանի դեռ Ղարաբաղը բանակցային սեղանին չէ, նման հանդիպումներն արդյունք չեն տա: