ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խնդրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին իր բոլոր հարցերին «կարգին պատասխաններ» տալ:
«Ես ճի՞շտ եմ հասկանում, որ, ընդունելով այս բյուջեն, եկամուտների 13%, ծախսերի 10% աճով, մենք մի փոքր ավելացնում ենք ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան: Երկրորդը՝ բացատրեք ինձ խնդրեմ, երբ որ մեր ծախսերն ավելացվում են 12%-ով, ինչո՞ւ է սոցիալական ոլորտը, առողջապահությունը՝ 7 ու 8, կրթությունը 2,5, մշակույթը՝ ընդհանրապես 20%-ով պակաս: Բա ասում եք գիտելիքահեն տնտեսություն, ասում եք ինովացիոն տնտեսություն, ի՞նչ իրավունքով ենք մենք սա կրճատում», – ասել է Բագրատյանը:
Նա նշել է, որ բյուջեի նախագծով մարդիկ, համենայնդեպս, բյուջետային ոլորտի աշխատողները և թոշակառուները, քանի որ նրանց մոտ որևէ բարձրացում չի նախատեսվում, կապրեն առնվազն չորս տոկոս վատ:
«Օրինակ, անընդհատ ասում եք՝ ընդդիմությունը չի ուզում լավը տեսնել: Մենք գնանք, ի՞նչ ասենք՝ չորս տոկոս վա՞տ եք ապրելու: 110 000 մարդ գնաց էս տարի, մյուսն էլ կգնա 130 000: Անհույս… ես փորձում եմ հասկանալ՝ ի՞նչ է լինում այդ աճը, որ դուք անընդհատ աճացնում եք 1%: Այո՛, ես տեսնում եմ՝ պաշտպանության աճ մի քիչ, բայց «մի քիչ» ես չեմ հասկանում: Չի՞ լինի, ասենք, ԿԲ-ի էն մի քանի շինարարությունը (նկատի ունի ԿԲ-ի շենքի կառուցումը – խմբ.) կանգնացնեք՝ 2 անգամ թոշակը ավելանա, կամ 1,5, կամ չգիտեմ՝ 20%», – ասել է Բագրատյանը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում մի կողմից ծայրահեղ աղքատություն կա, աղքատության ցուցանիշն ավելանալու է, մյուս կողմից՝ առկա է ցոփություն որոշ հիմնարկներում:
Վաչե Գաբրիելյանը, պատասխանելով Բագրատյանի հարցերին, նշել է, որ չգիտի, թե ՀԱԿ խմբակցության պատագամվորի հաշվարկներն ու եզրակացությունները որքանով են համապատասխանում իրականությանը:
«Մենք այս տարի 0,6 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունն ավելացնում ենք: Եկող տարի ավելանում է շատ ավելին, և այդ տեսակետից հավաքագրելիությունը չի կարող իջնել: Ինչ վերաբերում է առաջնահերթություններին: Բնականաբար մենք տրամադրում ենք ոլորտներին, ըստ ծրագրերի, որոնք հաստատում ենք միջնաժամկետ ծախսային ծրագրերով և ոլորտներում առկա ծրագրերին համապատասխան: Խոսքը չի վերաբերում նրան, թե այդ ոլորտները որքան կարևոր են, կամ այդ ոլորտները որքանով կարող են արդյունք ձևավորել: Խոսքը վերաբերում է նրան՝ որտեղ մենք ծրագրեր ունենք և որտեղ ենք տեսնում առաջնահերթությունները», – ասել է նախարարը:
Վերջինս նշել է, որ եթե ԱԺ-ն գտնի, որ կառավարությունը ոլորտների մեջ փոփոխություններ պետք է կատարի, ապա իրենք պատրաստ են քննարկել և ընդունել փոփոխությունները:
Բագրատյանը նաև հարցրել է համախառն ներդրումներ և բյուջետային ներդրումներ – ՀՆԱ հարաբերակցության մասին 2012-ի և 2013-ի բյուջեներում:
«Մենակ չասեք՝ կնայենք, կուսումնասիրենք, կպատասխանենք, որովհետև, որ այդպես եք ասում, ոչ նայում եք, ոչ ուսումնասիրում եք, ոչ էլ պատասխանում եք», – ասել է նա:
«Ցավում եմ, բայց դուք ճիշտ գուշակեցիք իմ պատասխանը, ես այս պահին այդ թիվը չեմ կարող ձեզ ասել, բայց խոստանում եմ երկու օրվա ընթացքում ձեզ ներկայացնել այդ հարաբերակցությունը», – պատասխանել է նախարարը: