2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով այսօրվա դատական նիստի ընթացքում տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը դատավորին տեղեկացրել է, որ հոգեբան Էլդա Գրինը հարցազրույց է տվել` նշելով, թե չի բացառում, որ իր տված եզրակացությունը, թե Արտակ Նազարյանն ինքնասպան է եղել՝ սխալ լինի:
Epress.am-ի հետ զրույցում Մարտիրոսյանն ասել է, որ երեկ տուժող կողմի ներկայացուցիչներն ասուլիսով են հանդես եկել՝ ուշադրությունը կենտրոնացնելով «դատավորի անօրինականությունների և Էլդա Գրինի ակնհայտ կեղծ հանցավոր դատահոգեբանական եզրակացության վրա», որից ելնելով նախաքննական մարմինը գտել էր, թե Արտակ Նազարյանը ինքնասպան է եղել:
«Ասուլիսից հետո երեկոյան Էլդա Գրինը զանգահարեց ինձ և փորձեց արդարանալ, որ եթե ինքը տվել է կեղծ եզրակացություն, ապա դա տվել է քննիչի կեղծ քննության հիմքի վրա: Այսօր մենք կրկին անգամ դատարանին միջնորդեցինք, որպեսզի կատարվի կրկնակի դատահոգեբանական հետմահու փորձաքննություն և մեջբերեցինք Էլդա Գրինի խոսքը այսօրվա թերթերից մեկին տված հարցազրույցից, որում նա նշել է, թե ինքն անմեղ է, և չնայած դրան, ինքը չի բացառում, որ հնարավոր է սխալ եզրակացություն տված լինի», – ասել է Մարտիրոսյանը:
Փորձագետի խոսքով՝ նույնսիկ Էլդա Գրինն է փորձագետին խնդրել, որպեսզի կրկնակի փորձաքննություն անցկացվի:
Վերջինս տեղեկացրել է, որ տուժող կողմը կրկնակի փորձքննություն անցկանելու միջնորդությամբ դիմելու է դատավորին: Մարտիրոսյանը գտնում է, որ եթե ինքը՝ փորձագետը, կասկածի տակ է դնում իր եզրակացությունը, ապա դատավոր Սամվել Մարդանյանը իրավունք չունի՝ ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, չընդունել իրենց միջնորդությունը:
«Մարդանյանը անակնկալի եկավ, երբ ես սկսեցի պատմել Էլդա Գրինի ու իմ խոսակցության մասին: Նա ասաց՝ «դա ձեր մասնավոր զրույցն է», այդ ժամանակ ես ասացի, որ Գրինը հարցազրույց է տվել և չի բացառվում, որ իր եզրակացությունը սխալ լինի: Մի անգամ Մարդանյանը մերժել է մեր միջնորդությունը՝ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու համար, հիմա մենք փոխեցինք ձևաչափը, հարցադրումները փոխեցինք և կրկին միջնորդելու ենք գործի համար հանգուցային փորձաքննություն անցկացնել»,- ասել է Մարտիրոսյանը:
Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 7-ին: