Հոկտեմբերի 29-ին Չեխիայում եռօրյա այցով գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյնի գլխավորած պատվիրակությունը երեկ այցելել է Կարլովիվարյան երկրամաս, որտեղ հանդիպումներ ունեցավ Կարլովի Վարիի քաղաքապետ Պետր Կուլհանեկի և նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ:
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը, Կարլովի Վարիի քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն առաջարկել է գործընկերային հարաբերություններ հաստատել Ջերմուկ և Կարլովի Վարի քաղաքների միջև կամ քույր քաղաքներ հռչակել, քանի որ երկու առողջարանային քաղաքներն էլ հայտնի են իրենց բուժիչ հանքային ջրերով և ունեն որոշ ընդհանրություններ:
ՀՀ ԱԺ ղեկավարը քաղաքապետին առաջարկել է այցելել Հայաստան և, մասնավորապես, Ջերմուկ քաղաք` մոտիկից ծանոթանալու և փոխգործակցության ոլորտները նախանշելու համար: Կուլհանեկը ընդունել է Հովիկ Աբրահամյանի առաջարկը` շեշտելով, որ համագործակցությունը երկու քաղաքների միջև կխթանի զբոսաշրջությունը:
Նահանգապետ Յոզեֆ Նովոտնիի հետ աշխատանքային ճաշի ժամանակ Հովիկ Աբրահամյանը նահանգապետին նույնպես առաջարկել է այցելել Հայաստան և մարզերից մեկի, մասնավորապես, Վայոց Ձորի մարզի հետ համագործակցություն ծավալել: Նահանգապետը ընդունել է ԱԺ նախագահի առաջարկը և նշել, որ Կարլովի Վարիի քաղաքապետի հետ անպայման կայցելեն Հայաստան: