Պետական գնումների պաշտոնական կայքը, ինչպես նաև Գնումների աջակցաման կենտրոնի գործողությունները թափանցիկ չեն հասարակության համար: Սա է արձանագրել «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրականացրած 2011-2012թ պետական գնումների համակարգի դիտարկումը: Այսօր արդյունքները լրագրողներին ներկայացնելով` կենտրոնի նախագահ Վարուժան Հոկտանյանն ասել է, որ թեև 2011թ. ուժի մեջ մտած պետական գնումների մասին նոր, երրորդ օրենքը ենթադրում է բարեփոխումներ` մասնավորապես, պետական գնումների ապակենտրոնացում, հանրային ծառայություն մատուցող կազմակերպությունների ստեղծում, էլեկտրոնային գնումների համակարգ, սակայն նշված երեք բարեփոխումներն էլ նորմալ չեն իրականացվել:
Կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ Գնումների աջակցման կենտրոնի հիմնական թերությունն այն է, որ այն վերլուծություններ չի անում:
«Երկրորդ` անցյալ տարի դեկտեմբերին Հայաստանը միացել է Առևտրի միջազգային կազմակերպության Պետական գնումների համաձայնագրին, որը հնարավորություն է ստեղծում մասնակցել այլ երկրներում պետական գնումներին: Այդ անդամակցությունից հետո, սակայն, մեր երկիրը չի վերաթիրախավորել իր շուկան, և չի իրազեկել քաղաքացիներին ստեղծված հնարավորությունների մասին», – ասել է Մանուկյանը:
Ըստ դիտարկողների` Բողոքարկման խորհուրդը ավելի լավ է սկսել աշխատել, թեև դրանում կրճատվել է հանրային սուբյեկտը:
«Բողոքների թիվն ավելանում է, ինչը վկայում է ինստիտուտի հանդեպ վստահության մասին: Բողոքների 60%-ը հաղթում է, ինչը ցույց է տալիս, որ մրցութային փուլում գնողների իրավունքերը խախտվում են», – ասել է Մանուկյանը:
Վարուժան Հոկտանյանը նշել է, որ իրենց մեկ տարվա աշխատանքի հրապարակումը բնավ կապ չունի պետական գնումների համակարգի հասցեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վերջերս հնչեցված քննադատության հետ: