Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Թերթը ընդգծում է, որ, ըստ քրգործին ծանոթ անձանց, կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Ջոն Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ` Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ և հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ:
Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, և նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա: Թերթի տեղեկություններով՝ նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել:
«Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա:
Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են, թե ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաև հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, աոավել ևս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար», – նշում է թերթը: