Այսօր Ազգային Ժողովում քննարկվում է 2013 թվականի պետական բյուջեի նախագծի՝ պետական և դատական մարմինների ֆինասավորման հետ կապված կետը:
ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրել է հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանին, որ երեկ վերջինս նշել է, թե իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատավարձների բարձրացում չի սպասվում, թեև 7 տոկոս գնաճ է կանխատեսվում:
«Մենք իրավապահ և դատական մարմինների ծախսային այլ հոդվածներում բարեփոխումներ իրականացնելու, այդ կառույցները զարգացնելու, նրանց տնտեսաական կարիքները լրացուցիչ բավարարելու որևէ հատկացում չեք նախատեսել, որքան ես հասկացա ձեր ելույթից: Միևնույն ժամանակ ակնկալում ենք, որ, ասենք, իրավապահ մարմինները պիտի լա՞վ աշխատեն, դատարաններն էլ չափազանց արդա՞ր լինեն», – հարցրել է Ջհանգիրյանը:
Պավել Սաֆարյանը նշել է, որ կա բնականոն աճ. պետական կառավարման մարմինների աշխատողների միջին ամսական աշխատավարձը 2012 թվականին եղել է 164 700 դրամ, իսկ բնականոն աճի հետևանքով 2013 թվականին կդառնա 166 259 դրամ:
Սաֆարյանը նաև նշել է, որ ինքը չի կարող դատաիրավական մարմինների ծախսերի հետ կապված Ջհանգիրյանի հարցերին պատասխանել, և դա ավելի լավ կանեն համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները:
«Որպես ֆինանսների նախարարության ներկայացուցիչ, իմ կարծիքը, եթե ձեզ հետաքրքրում է, ասեմ, որ այն ֆինանսական ռեսուրսները, որոնք մենք նախատեսել ենք այդ մարմինների համար, թույլ են տալու իրականացնել իրենց շարունակական բարեփոխումները: Ավելի մանրամասն, եթե այդ հարցերը տաք, այդ կառույցները ձեզ կասեն», – նշել է Պավել Սաֆարյանը: