Քաղաքացուն ծեծելու մեջ մեղադրվող դատավոր Արման Թովմասյանի դեմ բողոքը դատարանի վարույթ ընդունվելուց 15-20 օր հետո դատավորը պաշտոնի բարձրացում է ստացել՝ Ստեփանավի դատարանից տեղափոխվելով ՀՀ վարչական դատարան:
Հայցվոր Սամվել Հարությունյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ այդ տեղափոխումը պատահաբար չի արվել. քանի որ դատավորների պաշտոնի բարձրացումը կատարվում է Սերժ Սարգսյանի հրամանով, ուստի դատավորը «անուղղակիորեն օգտվել է նախագահի երաշխավորած անձեռնմխելությունից» և ապահովել իր օգտին վճռի ընդունումը:
Հիշեցնենք, որ բողոքը վերաբերում է Ստեփանավանի սուպերմարկետում հերթի ժամանակ ծագած ծեծկռտուքին, երբ դատավոր Արման Թովմասյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ, չորս կարգադրիչների հետ միասին ծեծի է ենթարկել իր որդուն` Աշոտ Հարությունյանին:
Նշենք, որ գործի առնչությամբ դատարան բողոք է ներկայացրել նաև Հարությունյանին ծեծած դատավորը` նշելով, թե հենց տղան է ծեծի ենթարկել իրեն: Այս բողոքը Վանաձորի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է և Հարությունյանին դատապարտել մեկ տարի ազատազրկման: Պատիժը վերջինս չի կրել` համաներմամբ ազատ արձակվելով, սակայն գործը մնացել է ուժի մեջ:
Հարությունյանները վճիռը բողոքարկել են մինչև վճռաբեկ դատարանը, որը հայցը հետ է ուղարկել:
Տիգրան Հայրապետյանը փաստաթղթեր է պատրաստում Մարդու իրավուքնների եվրոպական դատարան դիմելու համար:
Ըստ նրա՝ գործի քննության ընթացքում խախտվել է իր պաշտպանյալի արդար դատավարության իրավունքը: Առաջին՝ հաշվի են առնվել կարգադրիչների և դատավորի վկաների ցուցմունքները, որոնք մի քանի հարցումներում տարբեր են եղել, ուստի հակասում են իրար և օբյեկտիվ իրականությունը չեն կարող արտացոլել, իսկ Աշոտ Հարությունյանի օգտին ցուցմունքները չեն հաշվի առնվել: Բացի դա՝ թեև գործին կցված է բժշկական փորձաքննության եզրակացությունը՝ Աշոտի մարմնական վնասվածքների մասին, այն ևս անուշադրության է մատնվել և չի ապացուցվել՝ ինչպես է նա այդ վնասվածքները ստացել, եթե պատասխանող կողմը պնդում է, որ մատով չեն կպել նրան: