Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ընդունում է, որ դեղերի վաճառքի ոլորտում եղել են չարաշահումներ՝ էժան դեղերը վաճառվել են թանկ գներով: Դումանյանը, սակայն, նշել է, որ չի տիրապետում տվյալների, թե որքան վնաս է դրանով պատճառվել պետությանը:
«Իսկ թե արդյոք կորած փողերը պետք է վերադարձվեն, թե ոչ՝ պետք է պատասխանեն պատկան մարմինները»,- ասել է նախարարը և խորհուրդ տվել «նախկին չարաշահումների հարցերով» դիմել նախկին նախարար Հարություն Քուշքյանին:
Ըստ Դումանյանի՝ ոլորտում այժմ չարաշահումներ չկան, և դեղերի ներկման շուկան մենաշնորհված չէ:
«70 կազմակերպություններ կան, որ Հայաստան դեղորայք են ներկրում, իսկ թե քանիսն են դրանցից պատկանում Ալեքսանյանին (ԱԺ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյան – խմբ.) չգիտեմ, քանի որ ներկրողների ազգանունները ինձ չեն հետաքրքրում»,- ասել է առողջապահության նախարարը:
Հիշեցնենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայնաբերել էր, որ դեղերի վաճառքի ոլորտում իրականացվել են հակամրցակցային գործողություններ, մի շարք դեպքերում էլ կազմակերպված մրցույթները կրել են ձևական բնույթ: Ոլորտի բացահայտումներից հետո տուգանցվել էր Ալեքսանյանի «Նատալի ֆարմ» ընկերությունը՝ 50 միլիոն դրամի չափով:
Առողջապահության բյուջեի քննարկումից հետո Epress.am-ի խնդրանքով դեղերի շուկայի հիմնախնդրին անդրադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ասելով, թե բյուջեի նախագծում չի տեսնում մրցակցային հարաբերություննների խնդրի լուծմանն ուղղված որևէ մեխանիզմ:
«Եթե մի ընկերություն ապահովում է դեղերի ներկրման մեր երրորդը, ապա այն ունի գերիշխող դիրք, ու փորձը ցույց է տալիս, որ չարաշահում է իր դիրքը. կամայական գներ է սահմանում և այլն: Ես չեմ տեսնում դրա դեմ պայքարի նոր մեխանիզմ»,- ասել է Մելքումյանը: