Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) խնդիրը շուկայի կենտրոնացվածության դեմ պայքարը չէ, այլ գերիշխող դիրքի չարաշահումները: Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:
«Մեր օրենսդրությունը չի արգելում շուկաների կենտրոնացվածություն, գերիշխող դիրքերի առկայություն, ընդ որում՝ ոչ միայն մեր ՀՀ օրենսդրությունը, այլ նաև եվրոպական երկրների օրենսդրությունը չի արգելում շուկաների կենտրոնացվածություն: Մեր օրենսդրության համաձայն, մենք պայքարում ենք գերիշխող դիրքի չարաշահումների դեմ»,- ասել է Շաբոյանը:
Վերջինս, ներկայացնելով իրենց այս տարվա ուսումնասիրությունը, նշել է, որ անցյալ տարի 13 շուկայից 12-ը բարձր կենտրոնացված են եղել: Այս տարի ուսումնասիրել են 18-19 շուկա, որոնց մեծ մասը միջին կենտրոնացվածության է:
«Կենտրոնացվածության աստիճանի նվազում, այո՛, կա: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, օրինակ, ցածր կենտրոնացվածության շուկաներից է երշիկի շուկան, հյութերի շուկան, մակարոնեղենի շուկան:
Ինչ վերաբերում է բարձր կենտրոնացվածությանը, ապա դա ունի նաև իր օբյեկտիվ հիքմերը՝ երկրի փոքր մասշտաբները, փոքր շուկայի սահմանափակվածությունը, փակ ճանապարհները, սահմանների խնդիրը», – ասել է Արտակ Շաբոյանը: