Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը հետևում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը: Այս մասին այսօր հայտնել են դեսպանատնից՝ պատասխանելով Խուդյանի՝ դեսպան Ջոն Հեֆերնին ուղղված նամակին:
«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրինական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք կարող են վնասել ԱՄՆ քաղաքացիներին»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանին ուղարկած նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: