ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը, որով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեղավոր է ճանաչվել ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարի մասնակցությամբ միջադեպում, բարոյական նշանակություն ունի: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում ասել է հանձնաժողովի անդամ, ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երեկ հանձնաժողովը Ալեքսանյանին մեղավոր ճանաչելու օգտին է քվեարկել` 4 կողմ, 1 ձեռնպահ ձայնով: Ձեռնպահ է մնացել ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, քվեարկությունը չի մասնակցել ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը, ով նիստի ընթացքում թույլտվություն է խնդրել և հեռացել: Իսկ ահա որոշմանը կողմ քվեարկածների թվում է եղել նաև ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը: Ալեքսանյանը նիստին չի մասնակցել, իսկ Գասպարին ներկա է եղել և պարզաբանումներ տվել: Կողմ քվեարկածների թվում են եղել նար ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը, «Ժառանագություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և Էթիկայի հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը
Վերջինս «ՀԺ»-ի հետ զրույցում նշել է, որ չի կարող որոշումն ամբողջությամբ հրապարակել, որովհետև ԱԺ կանոնակարգով նախատեսված է հրապարակել ԱԺ մոտակա նիստում:
«Ուզում եմ արձանագրենք, որ կոնկրետ վարչական բնույթի պատժամիջոց պատգամավորի նկատմամբ նախատեսվում է միայն Սահմանադրության 65-րդ հոդվածը խախտելու կապակցությամբ, երբ պատգամավորը զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ: Այդ պարագայում հնարավոր է պատգամավորին մանդատից զրկել, բայց այս պարագյում ընդամենը որոշումը պետք է հրապարակվի ԱԺ նիստում, և դա ինչ-որ առումով բարոյական նշանակություն ունի, որը տվյալ իրավիճակում այն է, ինչ նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ», – ասել է Փաշինյանը: