ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը Հայաստանում հացի գնի թանկացումը կապում է միջազգային շուկայում ցորենի գների անընդհատ բարձրացումների հետ:
Լրագրողների հետ զրույցում Շաբոյանը նշել է, որ հանձնաժողովը հետևում է բոլոր զարգացումներին: Հանձաժողովի նախագահի խոսքով՝ Հայաստանում ցորենի բարձր կենտրոնացվածության շուկա է, սոցիալական կարևոր նշանակություն ունեցող շուկա է և իրենք ամեն օր դիտարկում են իրականացնում և՛ տեղական շուկայում, և՛ ներմուծվող ցորենի գների առումով: Շաբոյանի խոսքով՝ հայաստանյան զարգացումները և գնային փոփոխությունները համահունչ են միջազգային շուկայի զարգացումներին:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե ինչպես Շաբոյանը կբացատրի այն հանգամանքը, որ Հայաստանի մաքսային կոմիտեի տվյալներով` վերջին եռամսյակում ներմուծված ցորենի գինը գրեթե չի բարձրացել, բանախոսը պատասխանել է, որ մաքսայինի տվյալներն իրենք չեն ուզում քննարկել: Նա առաջարկել է քննարկել միայն իրենց ուսումնասիրության արդյունքները:
«Երբ համեմատում ենք միջազգային շուկայի գների հետ, այս պահին չեմ կարող վերջին թարմ վիճակագրությունն ասել, միջազգային շուկայում անընդհատ տեղի է ունենում ցորենի գների բարձրացում: Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում: Հիմնականում դա պայմանավորված է ցորենի բերքի հետ, ոչ բարենպաստ կլիմայական պայմանների հետ, ուրեմն՝ բերքի ծավալները քիչ են եղել այս տարի, որովհետև օբյեկտիվորեն ազդել է ցորենի գների վրա», – ասել է Արտակ Շաբոյանը: