Այսօր առավոտյան բերման ենթարկված «Հակահարված» խմբի ակտիվիստներ Թաթուլ Սարոյանն ու Արտակ Գևորգյանը ազատ են արձակվել և անմիջապես գնացել ՀՀ Վերաքննիչ դատարանի մոտ անցկացվող ակցիայի վայր:
Еpress.am-ի թղթակցի հետ զրույցում Թաթուլ Սարոյանը պատմել է, որ այսօր առավոտյան՝ ժամը 8.30-ի սահմաններում, Երևանի պետական համալսարանի մոտ գտնվող անցումում իրենք «Ոստիկանական բռնության տեսարան» պատկերող պաստառ են փակցրել, ինչից կես ժամ անց նկատել են, որ ոստիկանները պոկում են այն:
«Մենք մոտեցանք ու հարցրինք՝ «ինչո՞ւ եք պոկում», նրանք էլ ասացին՝ «կեղտոտում եք»: Մենք ասացինք, որ սա ընդամենը արվեստ է, այնինչ շուրջը փակցված հայտարարություններն ավելի են կեղտոտում պատերը: Մենք նաև ասացինք, որ գեղեցիկ բան ենք փակցրել, ու երբ փորձեցինք նորից պաստառը փակցնել պատին, ոստիկանները մեզ բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնի բաժին», – պատմել է Սարոյանը՝ հավելելով, որ իրենք սկզբում հրաժարվել են բաժին ներկայանալ՝ պատճառաբանելով, որ ոստիկանների արարքը օրինական չէ:
Սարոյանի խոսքով՝ փաստաբանի գալուց հետո միայն իրենք տեղեկացել են, որ իրենց նկատմամբ վարչական տուգանք է սահմանվել:
«Մեզ բաց են թողել, սակայն ոչինչ հայտնի չէ, ինչ-որ նյութեր են ուսումնասիրվում»,- եզրափակել է Սարոյանը:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր նախաձեռնությունը բազմիցս բողոքի ակցիաներ է իրականացրել. նրանք ՀԱԿ ակտիվիտների դեմ ընդունված վճռի վերաքննիչ քննության մեկնարկից հետո Հյուսիսային պողոտայում տղաների նկարներն են փակցրել՝ «Հակահարված ռեժիմին» գրառումով:
Նախաձեռնության անդամները նաև ԱԺ դարպասներին են փակցրել Սերժ Սարգսյանի լուսանկարով և «Ճանաչիր թշնամուդ» գրությամբ պաստառը, որը, սակայն, հեռացվել է րոպեներ անց:
Հիշեցնենք, որ Թաթուլ Սարոյանը հեղափոխության թեմայով նկարներ է ներկայացրել նաև մի քանի ցուցահանդեսներում: «9 արտիստ+20 տարի» ցուցահանդեսում ներկայացրած իր գործը մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին Թաթուլ Սարոյանը պատասխանել էր . «Ես արվեստ չեմ անում, ես հեղափոխություն եմ անում»: