Նախօրեին տեղի ունեցած ԲՀԿ-ի հավաքից առաջ ՀՀԿ-ականները պնդում էին, որ արտերկրից վերադարձած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև վերջնական համաձայնությունը կայացել է՝ ԲՀԿ-ն կսատարի գործող նախագահին: Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը:
Համաձայն թերթի, հայտարարությունը կլինի մինչև նոյեմբերի վերջ:
«Օրը դեռ որոշված չէ, մինչև վերջ ասածն էլ խիստ հարաբերական է՝ այն կարող է լինել նոյեմբերի հինգին, տասին, քսանին՝ կերևա. պորտֆելների և սահմանադրական հանրաքվեի մասին այս պահին վաղ է բարձրաձայնելը», – տեղեկացրել է թերթի աղբյուրը:
«ԲՀԿ նիստը, որը տևել էր մի քանի ժամ, և որի մասին ԲՀԿ-ն քար լռություն է պահպանում, պարզվում է՝ իրականում ամենևին էլ ինտրիգ չի պարունակել։
Չնայած որոշ լրատվամիջոցների լուրերին, թե նիստում խոսվել է քաղաքական լուրջ սեգմենտների, կոշտ պայքարի, ընդդիմության միավորման մասին։ «Սուտ է,– տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը,– լուրերը չեն համապատասխանում իրականությանը», – գրում է «Հրապարակը»:
Թերթն ընդգծում է, որ, համենայնդեպս, նախագահական ընտրություններին սեփական թեկնածուով մասնակցելու և կամ Սերժ Սարգսյանին սատարելու մասով խոսակցություն, որպես այդպիսին, նիստում չի ընթացել։
«Գագիկ Ծառուկյանն իր «ծերակույտին» ընդամենը հարկ է համարել տեղեկացնել, որ քաղաքական քննարկումներ իսկապես կան, այդ թվում և Սերժ Սարգսյանի հետ: Ուրիշ ոչինչ։ Այնուհանդերձ, ներկաների տպավորությամբ՝ Սերժ Սարգսյանի սատարման և սեփական թեկնածուով հանդես գալու հարաբերակցությունը 60-40 է՝ հօգուտ սատարման», – հավելում է «Հրապարակը»: