Հալեպի հայկական թաղամասերում առավոտյան ժամերից հրթիռների ձայներ են լսվում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Բերիո թեմի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանը` ավելացնելով, որ դեռևս տեղեկություններ չկան պատճառած վնասների մասին: Նոյեմբերի 1-ին Հալեպի Սուրբ Գևորգ եկեղեցու շրջանում հայ է զոհվել: Դիպուկահարի փամփուշտից խոցվել է Ջորջ Կաբանջյանը:
Ռեյիսյանի տեղեկացմամբ` Դամասկոսից Հալեպ վերադառնալու ճանապարհին Հալեպի մուտքի մոտ զինյալները երկու մարդ են առևանգել: Պարզվել է, որ նրանցից մեկը հայ է: Առևանգվածների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Ինչ վերաբերում է մի քանի օր առաջ Բեյրութից Հալեպ վերադարձող ավտոբուսի առևանգված ուղևորներին, ապա Ռեյսիյանը նշել է, որ նրանց ազատ արձակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:
Զինյալները հոկտեմբերի 29-ի երեկոյան 18:00-ի սահմաններում Բեյրութից Հալեպ ուղեւորվող «Զեյթունի Դրուզ» ընկերությանը պատկանող քաղաքացիական ավտոբուս են կանգնեցրել են Հալեպի մոտակայքում գտնվող Սարաքեբ քաղաքում: Նրանք իրենց մոտ են պահել 11 ուղեւոր տղամարդկանց, որոնցից յոթը հայազգիներ են, ևս երեքը՝ քրիստոնյա արաբներ: Արդեն հայտնի է մի քանի առեւանգված հայերի ինքնությունը` Կարո Փամփալյան, Արսեն Արոյան, Լեւոն Զեյթունյան, հայր եւ որդի Բաշար եւ Ջորջ Ռաբաթներ:
Սիրիայում մոտ 19 ամիս շարունակվող բախումների հետևանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր: