Home / Հայաստան / Հրայր Թովմասյանից պահանջել են կարել բերանը և կտրել առնանդամը. ակցիա

Հրայր Թովմասյանից պահանջել են կարել բերանը և կտրել առնանդամը. ակցիա

Այսօր ՀՀ Արդարադատության նախարարության շենքի մոտ տեղի է ունեցել բողոքի ակցիա, որն անցկացվում էր «Հրայր Թովմասյանի կարուձևի դասընթաց» կարգախոսի ներքո:

Ինչպես Epress.am-ին հաղորդել է ակցիայի  նախաձեռնողներից մեկը՝ ակտիվիստ Լալա Ասլիկյանը, ակցիայի մասնակիցները նախարարին են փոխանցել թել, ասեղ և նամակ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Մենք՝ հասարակության ներկայացուցիչներս, ձեզ համար նախատեսված կարուձևի դասընթացի շրջանակներում պահանջում ենք, որ դուք կարեք ձեր բերանը` հասարակության կողմից տրամադրված ասեղ ու թելով: Այս դասընթացի առաջադրանքը չկատարելու դեպքում պահանջում ենք ձեր հրաժարականը: Նաև, կոչ ենք անում ձեզ կտրել ձեր առնանդամը և ուղարկել վերադասին։ Ասում են, դա նորմալ երևույթ է նախարարների համար, ինքնատիպ հավատարմության ծես` վերադասի նկատմամբ, կաշառք վերցնելու պես սովորական մի բան»:

Ակցիայի մասնակիցները ունեին «Կարի ֆաբրիկա», «Արդարակարություն» գրառումներով պաստառներ:

Ակցիայի մասնակիցներին նախ հրավիրել են վերև՝ նախարարի մոտ, ապա Հրայր Թովմասյանն է իջել խոսելու, սակայն նրա հետ համաձայնել են խոսել միայն հավաքված լրագրողները, իսկ ակցիայի մասնակցիները հեռացել են:

«Երբ մեկը լսում է ինչ-որ մի բան, հետո այդ մասը իր ընկալմամբ փոխանցում է մյուսին, հետո երրորդը սկսում է կոմենտներ անել, ստացվում է այն, ինչը որ կա», – լրագրողներին ասել է Թովմասյանը։

Հիշեցնենք, որ ակցիան կազմակերպած ակտիվիստների համար դրա նախաձեռնման առիթ է հանդիսացել նախարարի հայտարարությունը, որով նա մեկնաբանել էր քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների՝ բերանը կարելու, մատը կտրելու և հացադուլ անելու միջոցով բողոքի արտահայտման դեպքերը: Հրայր Թովմասյանը, մասնավորապես, ասել էր, որ աչքն ու բերանը կարելը դատապարտյալների համար նույնքան սովորական է դարձել, որքան աղջիկների համար ականջօղեր կախելը: Նա նաև սովորական էր համարել դատապարտյալի ճկույթը կտրելու դեպքերը: