ՀՀՇ վարչության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հույս է հայտնել, որ Վրաստանում առկա միտումները՝ արդար ընտրությունների անցկացումը, քաղաքացիական հասարակության ձևավորումը և քաղաքացու դերի բարձրացումը, Երևան կհասնեն: Այս մասին նա ասել է Epress.am-ի հետ զրույցում՝ պատմելով հոկտեմբերի վերջին Թբիլիսիում կայացած հանդիպման մասին, որի ընթացքում տարածաշրջանային խնդիրներ են քննարկել Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական և ռեֆորմիստական (ELDR) կուսակցությանն անդամակցող Հարավային Կովկասի երկրների քաղաքական ուժերը: Նշենք, որ ELDR-ին Հայաստանից անդամակցում է ՀՀՇ-ն, Վրաստանից՝ Հանրապետական կուսակցությունը, Ադրբեջանից՝ «Մուսավաթը»:
ՀՀՇ ղեկավարը տեղեկացրել է, որ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ ուսումնասիրվել է Ռուսաստանի դիրքորոշումը Հարավային Կովկասի խնդիրների վերաբերյալ, մասնագիտական վերլուծություններ են ներկայացվել՝ կապված Հյուսիսային Կովկասի իրավիճակի, Ռուսաստան-Վրաստան և Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների, ինչպես նաև Վրաստանում զարգացող իրադարձությունների հետ: Զեկուցողների թվում են եղել, մասնավորապես, «Կառնեգի» քաղաքական վերլուծությունների կենտրոնի Մոսկվայի գրասենյակի փորձագետները:
«Այսինքն՝ մենք բոլոր ակտիվ խաղացողների դիրքորոշումները վերլուծում ենք, այն դիրքորոշումները, որոնք կարող են Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի քաղաքականության վրա ազդեցություն ունենալ: Հարավային Կովկասի լիբերալ կուսակցություններով պատրաստվում ենք եկող տարի՝ հունվար-փետրվարին, ամփոփել մեր երկու-երեք տարվա գործունեությունը՝ Պոտսդամի հռչակագրի դրույթների իրականացման մասով և ցանկանում ենք հաջորդ քայլն անել», – ասել է Արամ Մանուկյանը:
Նա նշել է, որ կողմերի հանդիպումները բավական արդյունավետ են, բայց վերջին շրջանում այդ գործընթացին խանգարել է Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքը, որը, Արամ Մանուկյանի խոսքով, ուղղակի որոշ ժամանակ կանգնեցրել էր և՛ բանակցային գործընթացը, և՛ իրենց հարաբերություններն ու համատեղ միջոցառումները:
ՀՀՇ ղեկավարը, սակայն, վստահ է, որ տվյալ փուլը կանցնի և հաջորդ տարվա ընթացքում կամ այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերից սկսած լիբերալ քննարկումների մեջ փոքր-ինչ ակտիվություն կլինի:
«Շատ կարևոր էին և շատ դրական ազդեցություն թողեցին այս ամենի վրա Վրաստանի ընտրությունները, որոնք ուղղակի խթան հադիսացան Հարավային Կովկասի լիբերալ գաղափարախոսությունների տարածման համար:
Վրաստանի գործընթացները, եթե ընդարձակվեն, դրական խթան կհանդիսանան Հարավային Կովկասի մյուս երկու երկրների ընտրությունների համար: Վրաստանն այսօր գտնվում է իշխանություն-հասարակություն փոխադարձ լիարժեք վստահության դաշտում: Դա լրջագույն հավաքական հաղթանակ է, դա քաղաքացիական հասարակություն ձևավորելու ճանապարհին հրաշալի գործիք է: Այսօր Վրաստանի քաղաքացին վստահում է իր իշխանությանը: Շատ կարևոր է ինձ համար, որ Ջավախքի հայությունն է քվեարկել «Վրացական երազանք» բլոկի օգտին (Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարած դաշինքը – խմբ.): Վրացի փորձագետները դա ուրախությամբ են արձանագրում, նշում են, որ դա հաջողություն է Վրաստան-Հայաստան հարաբերությունների և Վրաստան-Ջավախք հարաբերությունների մեջ: Ընդ որում, նույնն էր նաև Ադրբեջանի նկատմամբ, Մառնեուլն էլ էր (հիմնականում ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլի տարածաշրջանի կենտրոնը – խմբ.) ընդդիմությանը ձայն տվել», – ասել է Արամ Մանուկյանը:
Մանուկյանը դրական է համարել վրացիների դիրքորոշումը դեպի Ռուսաստան: Պատգամավորի խոսքով՝ վրացիներն անկեղծորեն տրամադրված և շահագրռված են, որ վրաց-ռուսական հարաբերությունները լավանան: Այն փորձագետները և քաղաքական գործիչները, որոնց հետ Արամ Մանուկյանը հանդիպել է, նույն դիրքորոշումն են արտահայտել:
«Իրենք հստակ ֆիքսում են՝ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ը բայց ասում էին, որ այս ամենը չի խանգարում Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելուն: Եվ ընդամենը երկու օր առաջ Զուրաբ Աբաշիձեն Իվանիշվիլու հրամանագրով նշանակվել է Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հարցերով հատուկ ներկայացուցիչ: Սա լուրջ մեսիջ է: Եվ դա, իհարկե, Հայաստանի համար շատ շահեկան է: Ռուս-վրացական հարաբերությունների լավանալը, ճանապարհների բացելը, տնտեսական լրացուցիցիչ հնարավորությունների բացելը՝ բոլորիս համար ձեռնտու է: Այսինքն՝ Վրաստանում այսօր ընթացող գործընթացները միանգամայն նպաստավոր դաշտ են ստեղծում և՛ Հայաստանի, և՛ հայ-ռուսական հարաբերությունների, և՛ ռուս-վրացական հարաբերությունների, նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համար, որովհետև Վրաստանի լավ լինելը, դեմոկրատ լինելը տարաշաշրջանում միշտ հույսի, հավատի, փոխգործակցության միջավայր է ստեղծում: Այդ առումով, ես կարծում եմ, գործընթացը դրական է», – նշել է Արամ Մանուկյանը:
Նա տեղեկացրել է, որ նոյեմբերի 8-ից 10-ը Դուբլինում ELDR-ի համագումարն է կայանալում, և հայաստանյան պատվիրակությունը նույնպես մասնակցելու է դրան: Դուբլին է մեկնելու նաև Վրաստանի պատվիրակությունը, ու, Մանուկյանի խոսքով, իրենց քննարկումները կշարունակեն նաև Իռլանդիայի մայրաքաղաքում: