Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունեցել ջրծաղիկից մահացած ժամկետային զինծառայող Հայկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվել է վկաների հարցաքննությունը:
Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է 2011 թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում:
Այսօր հարցաքննվել է զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի բժիշկ Արմինե Սերոբյանը, ով բուժել է Հայկին մինչ դեկտեմբերի 20-ին արձակուրդի գնալը, և դրանից հետո մեղադրյալ` հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ Մինաս Մկրտչյանի խնդրանքով անընդհատ այցելել և ստուգել է հիվանդների վիճակը: Ի տարբերությունը իր նախաքննական ցուցմունքների, այս անգամ վկան չի ժխտել, որ դեկտեմբերի 16-ին իրեն այցելել է Հայկի հայրը: Վկան ասել է, որ այդ մասին չի հիշում: Հիշեցնենք, որ զինվորի հայրը պատմել է, որ մտել է բժշկի մոտ շնորհակալություն հայտնելու, որ որդու դիմային նյարդի բորբոքումը լավանում է, և ասելու, որ տղայի մարմնին նկատել է ցան, իսկ բժիշկը ասել է, որ տղան վարակվել է ջրծաղիկով: Այս խոսքերը վկան կրկին ժխտել է: Նշենք, որ տուժողի իրավահաջորդները համոզված են, որ այս բժիշկը ևս պետք է ամբաստանյալների աթոռին նստի:
Այսօր հարցաքննվել է նաև Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մեծահասակների 9-րդ բաժնի վարիչ Մելանյա Շմավոնյանը:
Նրա ցուցմունքներն այն մասին, թե իբր նման տեսակի ջրծաղիկն անբուժելի է, համենայնդեպս, նման դեպքերում բարձր է մահացության մակարդակը, զայրացրել է տուժող կողմի ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանին:
«Թող ոչ մեկի մոտ այնպիսի տպավորություն չստեղծվի, թե հիվանդի մահը մեզ չի հուզում: Ամեն հիվանդի հետ մահանում ենք, ամեն հիվանդի հետ` հիվանդանում, բժշկությունն անզոր է ջրծաղիկի դեմ…», – ասել է վկան:
Epress.am-ի հետ զրույցում Մուշեղ Շուշանյանը կասկածելի է համարել նաև այն, որ վկան ամեն կերպ փորձել է պաշտպանել ամբաստանյալներին: Նման պահվածքը, ըստ փաստաբանի, հետևանքն է այն բանի, որ բժիշկները շատ են համագործակցում իրավապահ մարիմների հետ, կեղծ եզրակացություններ են տրամադրում, սակայն Շուշանյանը հիշեցրել է, որ սուտ վկայություն տալը քրեորեն պատժելի արարք է:
Հաջորդ դատական նիստը կայանալու է նոյեմբերի 9-ին: