2013թ. պետական բյուջեից Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակին տրամադրվող գումարի չափը նախորդ տարվա համեմատ ավելացել է 3 մլդ դրամով: Գրասենյակին տրամադրվող գումարը կազմել է 176 մլն դրամ:
Այսօր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի քննարկման ժամանակ ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը խնդրել է, որ գրասենյակին հավելյալ տրամադրեն 11 մլն 817 հազար դրամ: Ըստ նրա՝ նշված գումարը, մասնավորապես, պետք է ծախսվի նոր տեխնիկայի (օմբուդսմենի խոսքով՝ գրասենյակի համակարգիչներ գտնվում են հնամաշ վիճակում), արագ արձագանքման խմբի աշխատանքը օպերատիվ կազմակերպելու, խմբի ճանապարհային ծախսերը հոգալու համար: Բացի դրանից, Անդրեասյանի խոսքով, առկա է շենքային մաշվածության խնդիրը:
Օմբուդսմենը հայտարարել է, որ հաջորդ տարվանից չի պատրաստվում դիմել միջազգային կազմակերպություններին՝ դրամաշնորհ ստանալու համար՝ գերադասելով, որ այդ գումարներն ուղղվեն հայաստանյան ՀԿ-ների զարգացմանը, և եթե 2013թ. բյուջեով հավելյալ ֆինանսավորումը չտրամադրվի, ապա գրասենյակի աշխատանքն արդյունավետ չի լինի, մասնավորապես, արագ արձագանքման խմբի աշխատանքները վտանգված կլինեն կամ այդ խումբն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ:
ԱԺ պատգամավորներ էդմոն Մարուքյանն ու Ալեքսանդր Արզումանյանն իրենց աջակցությունն են հայտնել՝ ՄԻՊ գրասենյակին հավելյալ գումար տրամադրելու հարցում: Վերջնական որոշում դեռևս չի կայացվել: