Home / Հայաստան / «Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հայացքը ո՞րն է». Հրանուշ Խառատյանը նրան կոչ է արել դատարան գալ

«Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հայացքը ո՞րն է». Հրանուշ Խառատյանը նրան կոչ է արել դատարան գալ

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում այսօր տեղի է ունեցել «Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի» դատական գործով նախնական նիստը:

Հիշեցնենք, որ հայցվորը պահանջում է հատուցել իր բարի համբավին, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը: Հայցի առարկան «Նուվել դ՛Արմենի» ամսագրին Ռուբեն Հայրապետյանի տված հարցազրույցն է, որը, ըստ Խառատյանի, պարունակում է իրեն վիրավորող և իրականությանը չհամապատասխանող զրպարտչական արտահայտություններ:

Խառատյանի ներկայացուցիչ Մհեր Արշակյանը միջնորդել է դատարանին միջոցներ ձեռնարկել ճշտելու համար՝ արդյոք Հայրապետյանին դատարանում ներկայացնող փաստաբաններն իրոք իր շահերն են ներկայացնում: Դա անելու համար, ըստ փաստաբանի, կամ Հայրապետյանը պետք է ներկայանա դատարան, կամ իր ստորագությունը նոտարով ուղարկի: Խառատյանը հավելել է, որ ինքը ունի հիմք կասկածելու, որ մի օր Հայրապետյանը կարող է հերքել, որ Բաբայանն ու Պետրոսյանն իր փաստաբաններն են:

Դատավորը բավարարել է միջնորդությունը: Այժմ դատարանը սպասելու է Ռուբեն Հայրապետյանին կամ նոտարով հաստատված նրա ստորագրությանը:

Հաջորդ նիստը կկայանա նոյեմբերի 22-ին:

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Խառատյանն ասել է, որ հույս ունի, թե իր կողմից հարուցված դատին Հայրապետյանը խուսափում է ներկայանալ, քանի որ «ամաչում է հարցազրույցում իր ասած բազում ստերի համար»:

«Արմեն Աշոտյանն է ասում, որ «Վահե Ավետյան» շարժումը և Ռուբեն Հայրապետյանի դեմ ողջ շարժումը քաղաքական հալածանք է: Ով կարող է ասել՝ Ռուբեն Հայրապետյանի քաղաքական հայացքը որն է: Ինչ կողմնորոշում ունի: Ես լուրջ անալիզ եմ արել: Չունի պարոն Հայրապետյանը ոչ մի քաղաքական հայացք: Նա ուզում է, որ լինի որևէ ձևի մոնարխ իշխանություն և ինքը ունենա այդ մոնարխի իշխանության բարեհաճությունը: Մարդ եղիր, պարոն Հայրապետյան, արի դատարան, օգնի գործի պարզելուն (նկատի ունի Վահե Ավետյանի սպանության գործը): Ինչպես ինքն ասաց` «Պողոս Պողոսյանի սպանությանը ես ինքս ներկա եմ եղել ու կպատմեմ` ինչ է այդտեղ տեղի ունեցել»: Ընդեղից փախավ առնետի նման:  Այս անգամ եկեք դատարան: Բերեք, դատարանում մաքրեք նրա վրայից բոլոր կասկածները: Հրապարակավ ցույց տվեք, որ նա անմեղ ա», – ասել է Խառատյանը: