Այսօր ԱԺ-ում 2013 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանից, թե արդյոք Էներեգետիկայի ոլորտին տրամադրվող 18 միլիարդ դրամից նախատեսվում է գումար հատկացնել նոր ատոմակայանի շինարարության համար: Բագրատյանի խոսքով՝ ինքը բյուջեն նայել է, բայց շինարարություն բառն այնտեղ չի գտել՝ տեսնելով միայն մոտավոր ձևակերպումներ:
«Անընդհատ ֆրազաներ են նոր ատոմակայնի վերաբերյալ, ուզում եմ կոնկրետ իմանանք՝ կառավարությունը ե՞րբ է սկսում նոր էներգաբլոկի շինարարությունը և հստակ ե՞րբ է դադարեցվում հին էներգաբլոկի շահագործումը»,- ասել է Բագրատյանը:
Սաֆարյանը նշել է, որ Բագրատյանն այդ հարցը պետք է ուղղի տվյալ ոլորտի պատասխանատուներին:
ՀԱԿ պատգամավորն անդրադարձել է նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման խնդրին, որը նախատեսված է 2013 բյուջեով:
Բագրատյանն ասել է, թե ինքը հասկանում է, Ասիական բանկն այդ ծրագրի համար գումար է տալիս, սակայն հարցրել է՝ որքանո՞վ է այս պահին հրատապ Հյուիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը:
«Մենակ սրա միջոցները 45 միլիարդ դրամ ասեցիք: Մենք ի՞նչ պրոբլեմ ունեինք Երևանից Աշտարակ գնալու: Գնում էինք էլի, լավ էլ ճանապարհ էր, ճիշտ ա՝ Թբիլիսի-Բաթումի ճանապարհին զիջում է, բայց լավ էլ ճանապարհ էր: Կամ Քաջարանի թունելը թողած, կամ մի հատ թունել ու ճանապարհ ա Իջևանից դեպի Շամշադին: Էս ձևի ստրատեգիական ճամփեքը թողած… որ գուցե պատերազմ լինի, չենք իմանլու՝ ինչ անենք: Քաջարանի թունելն էլ գիտեք, իբր թե նոր ճամփա սարքեցին, իզուր տեղն են սարքել նոր ճամփան, որովհետև միևնույնն է՝ էլի հասնում ես էդ բարձրության, ձմռանը չի աշխատում ու ամեն տարի քանդվում է: Հիմա մենք բռնում ենք, Երևան Աշտարակը լայնացնում ենք», – ասել է Բագրատյանը:
Սաֆարյանն ընդգծել է, որ իրենք, որպես ֆինանսների նախարարություն, պարտավոր են գումարներ նախատեսել, որովհետև կա ԱԺ-ի կողմի ընդունած վարկային ծրագիր:
«Հիմա եթե անդրադառնանք ինչու վարկային ծրագիրն ընդունվեց և այլն, և այլն, դա այլ թեմա է: Մենք պարտավոր ենք բյուջեի ծրագրում ներկայացնել: Ես կարող եմ երաշխավորել, որ այդ գումարները հարյուր տոկոսով համապատասխանում են մեր վարկային ծրագրի պահանջներին», – ասել է Պավել Սաֆարյանը: