«Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակիցը դեռ շաբաթներ առաջ դիմել է ոստիկանությանը՝ հարցնելով, թե ինչու չեն զինաթափվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեձրավորների՝ Սաշիկ Սարգսյանի (Սերժ Սարգսյանի եղբայրը), Գագիկ Բեգլարյանի (ՀՀ կապի և տրանսպորտի նախարար), Սամվել Ալեքսանյանի (ՀՀԿ խմբակցության պատգամավոր) թիկնապահներին, մինչդեռ նման գործողություններ իրականացվել են մի քանի ոչ կենտրոնական դեմքերի թիկնապահների հանդեպ:
Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը պատասխանել է. «Երբ նշված անձանց շարասյուները նկատվեն…»:
«ՀԺ»-ն գրում է, որ օրեր առաջ համացանցում հայտնվեց մի լուսանկար, որտեղ, ըստ հեղինակների, պատկերված էր Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի ավտոշարասյունը, որից հետո թերթի թղթակիցը կրկին ոստիկանությունից հետաքրքրվել է՝ ինչու շարասյունը մինչ օրս չի վնասազերծվել:
«Այդ լուսանկարով դժվար է տարբերակել՝ դա շարասյուն է, թե մեքենաների հոսք: Եթե լուսանկար է ներկայացվում, դրանում երևացող խախտումը պետք է ակնհայտ լինի», – ասել է Ահարոնյանը՝ հավելելով, որ տեսագրությունը ներկայացնելու դեպքում ավելի հեշտ կլիներ արձանագրել խախտումը:
«Ստացվում է, որ ոստիկանությունը Սերժ Սարգսյանի մերձավորներին թիկնապահներից չի զինաթափում, նախ՝ որովհետև չի նկատում նրանց ավտոշարասյուները, իսկ երբ դրանցից մեկն արձանագրվում է լուսանկարում, և հնարավոր չէ չնկատել, էլի չի զինաթափում, որովհետև դրա համար լուսանկարը քիչ է, տեսագրություն է անհրաժեշտ», – ամփոփում է թերթը: