Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ են եղել։ Արդյունքում՝ ավելի ուշ հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա:
Նախարարության տեղեկություններով՝ 3-4 տարեկան տասը երեխաներ առաջին բուժօգնություն ստանալուց հետո տուն են ուղարկվել: Նրանց վիճակը շարունակել է հսկել գյուղի ընտանեկան բժիշկը։ Գիշերը երեխաները հանգիստեն անցկացրել, այժմ նրանց վիճակը գնահատվում է նորմալ։
Հիվանդանոցում մնացած երեք երեխային ցույց է տրվել անհրաժեշտ բժշկական օգնություն։ Երեկ ժամը 22:00-ի դրությամբ նրանց վիճակն արդեն գնահատվում էր նորմալին մոտ։ Այսօր նրանցից 2-ը դուրս է գրվել հիվանդանոցից։ Մեկի մոտ թեև թունավորման նշաններ այլևս չկան, սակայն շարունակում է բուժվել սուր շնչառական վիրուսային հիվանդության կապակցությամբ։
Մասնագետների կողմից տեղում կատարված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է Արարատ գյուղի մանկապարտեզ հաճախող 3-6 տարեկան երեխաները ունեցել են սրտխառնոց, փսխում, որոնք առաջացել են սիսեռով, բրնձով, հավի մսով պատրաստված ապուրի օգտագործումից 2,5 ժամ անց: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ վարակի փոխանցման հավանական գործոնը սնունդն է:
Նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում նույնպես արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 3 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Շիրակի մարզի Հայկավան գյուղի 13 բնակիչ նոյեմբերի 3-ին օգտագործել է կարմիր պղպեղի պահածո: Ուտելուց երկու օր անց 3 հոգու մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ ախտանշաններ` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները դիմել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղից 1 հիվանդ ծանր վիճակում տեղափոխվել է Երևան` «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդներն անմիջապես ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: