Վաղը Արաքս գետի վրա կկայանա Մեղրի ՀԵԿ-ի շինարարության հիմնարկեքը: Այդ մասին Epress.am-ին տեղեկացրել են ՀՀ էներգետիկայի նախարարությունից:
«Հիմնարկեքի արարողությանը ներկա է լինելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը, որի կազմում կլինեն նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, նախարարության այլ պաշտոնյաներ: Իրանից էլ ժամանելու է իրենց ներկայացուցչական պատվիրակությունը՝ Իրանի էներգետիկայի նախարարի Մաջիդ Նամջուի գլխավորությամբ»,- տեղեկացրել է նախարարության ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 11-րդ նիստը, որին մասնակցելու համար Երևան էին ժամանել Իրանի պատվիրակությունը` հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորությամբ:
Այդ նիստի օրակարգում էլ եղել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-երի և նավթամթերքների խողովակաշարի շինարարության նախագծերն ու համագործակցության ընդլայնումը նավթաքիմիայի բնագավառներում: