Անցած գիշեր Հայաստանի մայրուղիների վրա մարտաֆիլմ հիշեցնող իրավիճակ է տիրել. դիմակավոր ու ավտոմատավոր ոստիկանները, կարմիրբերետավորները և ոստիկանության մարզային բաժինների ծառայողները կանգնեցրել են փայտ տեղափոխող կիսաբեոնատար ու բեռնատար մեքենաները ու, վարորդներով հանդերձ, բերման ենթարկել ոստիկանություն, գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ նշելով, որ ավելի ուշ մեքենաները տեղափոխվել են Երևան՝ Հրազդան մարզադաշտին կից տարածք, վարորդներին էլ տարել են ոստիկանության 6-րդ վարչություն։
Ըստ ոստիկանության, այս ամենը տեղի է ունեցել ապօրինի ծառահատումների, փայտագողության դեմ պայքարի շրջանակներում, մինչդեռ վարորդները երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում նշել են, որ ոստիկանները չեն էլ ստուգել իրենց մոտ համապատասխան փաստաթղթեր կա՞ն, թե՝ ոչ։
Միջադեպի հետ կապված թերթը հիշեցնում է մի կարևոր հանգամանք։ Կիրակի օրը հեռուստատեսությամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ապօրինի ծառահատումների վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան, հայտարարեց. «Մեկ-երկու օր հետո դուք կլսեք»։
«Եվ ահա լսեցինք։ Շռնդյունով։ Իսկ իրականում տեղի ունեցավ ոստիկանության հերթական PR ակցիան։ Այլ կերպ հնարավոր չէ որակել միջոցառումը, որի ժամանակ որևէ մեկին չի հետաքրքրել փայտն օրինական է տեղափոխվում, թե՝ ոչ։ Պետք էր փայտով բեռնված մեքենաներ բերման ենթարկել և մայրաքաղաքում կուտակել, ոստիկանները հենց դա էլ արել են», – գրում է «Հայկական ժամանակը»։
Երեկ բերման ենթարկված վարորդների բարեկամները ողջ օրվա ընթացքում տեղեկություն չեն ունեցել նրանց գտնվելու վայրի և ինքնազգացողության մասին։ Թերթի թղթակցի հետ զրույցում նրանցից շատերը պատմել են, որ իրենց հարազատները փայտ են տեդափոխել ոչ թե վաճառելու ու հարստանալու, այլ ձմռան համար անհրաժեշտ սննդամթերքի հետ փոխանակելու համար միայն։
Սահմանամերձ գյուղերից մեկի մի բնակիչ էլ, որի որդին բերման ենթարկվածների մեջ է, իր վրդովմունքը հետևյալ կերպ է արտահայտել. «Ստեղ կտրած ծառ չկա։ Թափոններ են։ Մարդիկ կիլոմետրերով քայլում են անտառում, գտնում են, հավաքում են ու ուզում են ծախեն, որ ձմռանը երեխեքը ուտելու բան ունենան։ Սահմանի վրա ապրող մարդիկ ենք։ Ավտոմատով մեր վրա կրակում են, գյուղում սով ա, սով… Դակումենտները բանի տեղ չեն դրել ու մեքենան բերել են ստեղ։ Եթե դակումենտը չի անցնում, օրինականություն էլ չկա, թող էդ դակումենտը չտային»։
«ՀԺ»-ին պատմեցին նաև, որ այդ «օպերացիայի» ընթացքում բռնություններ են գրանցվել վարորդների նկատմամբ, մասնավորապես՝ ոստիկաններից մեկը մահակով հարվածել է մի վարորդի, մի ոստիկան էլ մեկ այլ վարորդի գլխին ոտքով է հարվածել։