Չորեքշաբթի Չեմպիոնների Լիգայի 4 խմբերում կայացան 4-րդ տուրի հանդիպումները, որոնցից և ոչ մեկում ոչ-ոքի արդյունք չգրանցվեց:
6 հանդիպումներում հաղթեցին դաշտի տերերը, ևս երկուսում՝ հյուրերը:
Ամենաթեժ աայքարը Մեծ Բրիտանիայում էր ծավալվել: Գլազգոյում «Սելթիկը» նվեր մատուցեց իր երկրպագուներին ակումբի 125-ամյակի կապակցությամբ, որը նշվել էր նոյեմբերի 6-ին:
Շոտլանդական ակումբի խաղացողներն առաջին խաղակեսում օգտագործեցին իրենց միակ հնարավորությունը: Անկյունայինից փոխանցում հետևեց տուգանային հրապարակ, և քենիացի Վիկտոր Վանյաման գլխի հարվածով բացեց հաշիվը: Դաշտի տերերին առաջին կեսում երկու անգամ փրկեց դարպասաձողը՝ Մեսսիի և Ալեքսիսի հարվածներից հետո, իսկ երկրորդ խաղակեսում 3-4 դրվագներում փայլեց «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորստերը: Շոտլանդական թիմը երկրորդ գնդակը խփեց հանդիպման վերջում. փոխարինման դուրս եկած Թոնի Ուոթը մեն-մենակ դուրս եկավ Վալդեսի դեմ և գնդակն ուղարկեց մրցակցի դարպասի անկյունը: Ավելացված 1-ին րոպեին Մեսսին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին «Բարսան» չկարողացավ անել՝ այս տարվա Լիգայում իր առաջին պարտությունը կրելով:
Էլ ավելի դրամատիկ պայքրաում անցավ «Չելսի»-«Շախտյոր» հանդիպումը:
Լոնդոնցիները երկու անգամ առաջ էին անցնում հաշվի մեջ ուկրաինական ակումբի դարպասապահ Անդրեյ Պյատովի սխալներից հետո, սակայն երկու դեպքում էլ Վիլիանը հավասարեցնում էր հաշիվը: «Շախտյորը» ոչ միայն չէր զիջում մրցակցին, այլ նաև հանդիպման որոշ հատվածներում գերազանցում էր «Չելսիին»: Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, ապա նա իր ամենաանհաջող խաղն անցկացրեց այս տարվա Լիգայում: Եթե «Յուվենթուսի» և «Չելսիի» հետ կայացած նախորդ երկու խաղերում Հենրիխը ավելացնում էր երկրորդ կեսում, ապա այս անգամ մեծ հաշվով նա երկու հավասարապես անհաջող խաղակես անցկացրեց, իսկ խաղի վերջին վայրկյաններին անկյունայինի խաղարկման ժամանակ նա չկարողացավ ցատկել Վիկտոր Մոզեսի հետ, ով գլխի հարվածով հաղթանակ բերեց իր թիմին՝ 3:2:
E խումբ
Յուվենթուս (Իտալիա) – Նորդշյելանդ (Դանիա) 4:0
Չելսի (Անգլիա) – Շախտյոր (Ուկրաինա) 3:2
Շախտյոր – 7 միավոր, Չելսի – 7, Յուվենթուս – 6, Նորդշյելանդ – 1
F խումբ
Վալենսիա (Իսպանիա) – ԲԱՏԵ (Բելառուս) 4:2
Բավարիա (Գերմանիա) – Լիլ (Ֆրանսիա) 6:1
Բավարիա – 9, Վալենսիա – 9, ԲԱՏԵ – 6, Լիլ – 0
G խումբ
Բենֆիկա (Պորտուգալիա) – Սպարտակ (Ռուսաստան) 2:0
Սելթիկ (Շոտլանդիա) Բարսելոնա (Իսպանիա) 2:1
Բարսելոնա – 9, Սելթիկ – 7, Բենֆիկա – 4, Սպարտակ – 3
H խումբ
Կլուժ (Ռումինիա) – Գալաթասարայ (Թուրքիա) 1:3
Բրագա (Պորտուգալիա) – Մանչեսթեր Յունայթեդ (Անգլիա) 1:3
Մանչեսթեր Յունայթեդ – 12, Գալաթասարայ – 4, Կլուժ – 4, Բրագա – 3