Home / Հայաստան / Գյուղացիներին կոչ են անում անասուններին արոտավայր չքշել

Գյուղացիներին կոչ են անում անասուններին արոտավայր չքշել

Սննդի անվտանգության պետական ծառայությունը սիբիրախտից վերջին շրջանում 7 կենդանի է բուժել, և դրանք հիմա առողջ են, իսկ անկումները պայմանավորված են նրանով, որ գյուղաբնակ հանրությունը չի ցանկանում իրականացնել տեսչության հրահանգները և կենդանիների տնային պահվածքը չի ապահովում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՍԱՊԾ պետ Աբրահամ Բախչագուլյանը:

«Կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Որպես օբյեկտիվ պատճառ գյուղացիները նշում են կերի բացակայությունը, կենդանիներին քշում են արոտ, իսկ արոտում կենդանու նկատմամբ հսկողություն սահմանելն անհնար է:

Տնային պահվածքի ժամանակ մենք կարողանում ենք հսկել կենդանուն և բուժել»,- ասել է Բախչագուլյանը:

Նա նշել է, որ գյուղացիները պետք է համագործակցեն իրենց հետ, և ամբողջ գլխաքանաակը պետական պատվերի շրջանակներում պետք է պատվաստվի, իսկ թե  ով է մեղավոր, որ չեն պատվաստել, ինքը չէ, որ պետք է ասի:

Բախչագուլյանը նաև նշել է, որ ազգաբնակչությունը պետք է հասկանա, որ գործ ունի մարդուն վնաս հասցնող իրադրության հետ, և դեպքերը, որոնք ՍԱՊԾ-ի կողմից բացահայտվում են, ապացուցում են, որ նաև գյուղացին է մեղավոր այդ հարցում:

Ինչ վերաբերում է փոխհատուցումներին, ապա, ըստ Բախչագուլյանի, պետությունն  է սիբիրախտի դեմ պայքարի միջոցառումների ծրագիր իրականացնում, և գյուղացին պարտավոր է պահանջել, որ այդ ծրագրի շրջանակներում կենդանիներին պատվաստեն:

Նրա խոսքով՝ պատվաստված կենդանին սիբիրախտի նկատմամբ ընկալունակ չէ: Բախչագուլյանը նշել է նաև, որ սիբիրախտը հողային վարակ է, և կենդանիները արոտվայրերում շփվում են այդ հողի հետ և դրանից վարակվում են, մինչդեռ պատվաստված լինելու դեպքում առողջ կմնան: