Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի հայցը, ով պահանջում է իրեն տուժող ճանաչել «մի խումբ մարդկանց կատարած գործողությունների արդյունքում միլոնավոր գումարներ կորցնելու, ինչպես նաև պետությանը 1,5 միլիոն դոլարի վնաս հասցնելու» գործով:
Այս նիստին դատարանը քննում էր տուժող ճանաչելը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, ինչպես նաև գործը քննող դատախազին բացարկ հայտնելու մասին Խուդյանի կողմի միջնորդությունը:
Այսօր առաջին անգամ նիստին ներկայացել էր գործը վերահսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանը: Խուդյանի կողմից նրան բացարկ հայտնելու հիմքն այն էր, որ դատախազը 2 տարի առաջ է քննությունը սկսել ու մինչ օրս չի ավարտել, մեղադրանքներ առաջ չեն քաշվել:
Դատախազն արդարացել է, թե ինքը պարբերաբար ցուցումներ է ուղարկում քննիչ Տիգրան Հարությունյանին:
Նշենք, որ դատական նիստին չէր ներկայացել ՊԵԿ քննիչ Տիգրան Հարությունյանը և ոչ մի անդամ ամբողջ քննչական խմբից, ըստ դատախազի` քննիչը հիվանդ է:
Այնուամենայնիվ, գործը քննող դատավորները Սերգեյ Չիչոյանի նախագահությամբ մերժել են ինչպես բացարկի միջնորդությունը, այնպես էլ բողոքը:
Գործարարի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի (անունը և ազգանունը նույնն է, ինչ դատախազի անունն ու ազգանունը – խմբ.) խոսքով` իրենք դատարանի կողմից նման որոշում էլ կանխատեսում էին, քանի որ տուժող ճանաչվելու դեպքում Խուդյանը կկարողանար բացահայտել հանցագործության բոլոր մանրամասները, իսկ դա ոչ մեկին ձեռնտու չէ:
Նշենք, որ դատավարությանը ներկա է եղել նաև ԱՄՆ դեսպանատան իրավաբան Դավիթ Խաչատրյանը: