Հայ Ազգային Կոնգրեսի խորհրդարանական խմբակցությունը ՀՀ կառավարությանն է ուղարկել հարցապնդում` Հայաստանում հաստատված մենաշնորհների վերաբերյալ:
ՀԱԿ-ի պատգամավորները նշել են, որ կոռուպցիան և հովանավորչությունը Հայաստանում կրում են կազմակերպված և մինչև վերջին երանգը համակարգված բնույթ: Կոռուպցիոն շղթան ձգվում է պետական և տեղական ինքնակառավարման ամենաստորին օղակներից մինչև իշխանության բարձրագույն մարմինները և ախտահարել է պետական, հասարակական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտները: Այս ամենը բերում է պետության զարգացման հետ անհամատեղելի այնպիսի երևույթների, ինչպիսիք են պետական իշխանության և բիզնեսի սերտաճումը, մենաշնորհների ծավալումը, մանր և միջին բիզնեսի ոչնչացումը, արտագաղթի աճող տեմպերը։
Հարցապնդման հեղինակներն ընդգծում են, որ այս գնահատականները կիսում են ոչ միայն հայաստանյան հասարակությունն ու քաղաքական ուժերը: Միջազգային ֆինանսական կազմակերպությունները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը և արտասահմանյան անկախ փորձագետները բազմիցս նշել են, որ Հայաստանը գտնվում է աշխարհի ամենակոռումպացված պետությունների շարքում, և որ նրա իշխանություններն, ըստ էության, չեն պայքարում այդ համատարած չարիքի դեմ։ Որպես օրինակ ՀԱԿ խմբակցությունը հատվածներ է մեջբերում, մասնավորապես, «Թրանսփարենսի ինտերնեյշնլ» կազմակերպության և ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցներից:
«Ձևավորված կոռուպցիոն համակարգի գոյությունը բերել է նրան, որ տեղի է ունեցել պետական իշխանության ինստիտուտների և բիզնեսի` նախադեպը չունեցող սերտաճում, դրանով իսկ՝ պետական համակարգի գործառույթների աղճատում և դրանք անձնական ու շահադիտական նկատառումներով գործադրելու արատավոր ավանդույթ: Ինչպես նախկին 13 տարիներին, այնպես էլ ներկայումս գործող իշխանության բարձրագույն պաշտոնյաների, նախարարների, մարզպետերի, գերատեսչությունների ղեկավարների, դատախազների, ոստիկանների, ԶՈՒ գեներալների, դատավորների գերակշռող մասը խոշոր սեփականատերեր ու ձեռնարկատերեր են: Գործող և նրան նախորդած, իսկ իրականում՝ նույն իշխանության օրոք կոռուպցիայի համակարգայնացման արդյունքում արդեն 2010թ. երկրի ազգային հարստության 52%-ը կենտրոնացել է 44 ընտանիքների ձեռքում:
Այս հարցին լայնորեն անդրադարձել են նաև տեղական և արտերկրի լրատվամիջոցները: Դրա լավագույն արտացոլումը ռուսաստանյան մամուլի («Վերսիա» եւ «Վեկ» պարբերականներ) հրապարակումներն էին 2010 թվականին՝ ամենակոռումպացված պետական պաշտոնյաների ունեցվածքի մասին», – ասված է կառավարությանն ուղարկված փաստաթղթի մեջ։
ՀԱԿ-ի խմբակցությունը նշում է, որ հաստատված ապօրինի մենաշնորհները խոչընդոտում են տնտեսության զարգացմանը։ Ամբողջական մենաշնորհներ են հաստատված մասնավորապես ներկրվող ապրանքների բնագավառում։ Լայն սպառման այնպիսի արտադրատեսակներ, ինչպես շաքարավազը, հացահատիկը, կենդանական եւ բուսական յուղը, բրինձը, ինչպես նաև դեղորայքը, հրուշակեղենը, փայտանյութը, կենցաղային և շինարարական ապրանքները, բենզինն ու դիզվառելիքը և այլ ապրանքներ գտնվում են այս կամ այն օլիգարխի կամ կլանի մենաշնորհային վերահսկողության ներքո։ Մենաշնորհների տերերն օգտվում են իշխանությունների կողմից շնորհված ապօրինի արտոնություններից, մասնավորաբար՝ ցույց են տալիս ներմուծվող ապրանքների շատ ավելի քիչ քանակ կամ ցածր գին, կամ այլ` ավելի էժան ապրանք՝ դրանով խուսափելով հարկերից ու մաքսերից, ստանում ահռելի գերշահույթ` մի մասը վճարելով իրենց հովանավորյալներին։ Մենաշնորհները ոչնչացնում են ազատ տնտեսական մրցակցությունը, նպաստում են գնաճին, ոչնչացման տանում մանր ու միջին բիզնեսը։
Համաձայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուսումնասիրությունների` 2010 թվականին 41 ապրանքային շուկա, որից 12-ը պարենային ապրանքների ապրանքային շուկաներ, բարձր և միջին կենտրոնացված են։
«Պարենային ապրանքների շուկայում կա մի յուրատեսակ ապրանք, որն իր կենտրոնացվածության աստիճանով գերազանցում է բոլորին – խոսքը վերաբերում է շաքարավազին: 2009թ. այդ ապրանքատեսակ ներկրող «Ալեքս Գրիգ» ՍՊԸ ունեցել է առաջատար դիրք շուկայում` բաժինը -99,9%, չնայած ապրանքային շուկայում վեց մասնակիցների առակայության: Ընդ որում, նախորդ ուսումնասիրության ժամանակ շուկայում մասնակիցների թիվը եղել է 21: Իսկ արդեն տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2011թ. հաշվետվության տվյալներով, շաքարավազի շուկայում մասնակիցների թիվը կրճատվել է ևս մեկով և կազմել է 5:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տվյալներով, 2011թ.-ին գերիշխող դիրք են ձեռք բերել նաև առևտրային ցանցերը, որոնցից 6-ը` պարենային ապրանքների առևտրի ոլորտում, այդ թվում` «Ալեքս Գրիգ» ՍՊԸ, «ՍԱՍ-Գրուպ» ՍՊԸ, «Ֆրեշ» ՍՊԸ, 5-ը` բենզալցակայանների ցանցեր, այդ թվում` «Ֆլեշ» ՍՊԸ, «Սիթի Պետրոլ Գրուպ» ՍՊԸ, «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ, 9-ը` դեղատների ցանցեր, այդ թվում` «Նատալի ֆարմ» ՍՊԸ, «Ալֆա-Ֆարմ» ՓԲԸ», 4-ը` սալիկների և սանիտարական տեխնիկայի իրացման առևտրային ցանցեր և այլն: Ընդ որում, թվարկված ընկերությունները ուղղակի և անուղղակի ձևով կապված են պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ», – ընդգծում է Կոնգրեսը:
ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչներն ընդգծում են, որ տվյալ փաստերը արձանագրում են խայտառակ մի իրողություն, որը լիովին բացատրում է հատկապես պարենային ապրանքների շուկայում գների աննախադեպ և անվերահսկելի աճը:
«Շուկայում նման բացահայտ և բացարձակ մենաշնորհի պարագայում պետության անգործությունը նշանակում է, որ երկրի բարձրագույն իշխանությունները հովանավորում են ներմուծող օլիգարխների շահերը և նրանց ստացած գերշահույթները: Այսպիսով, ստեղծված է ժողովրդի հարստահարման մեխանիզմ, որի հետեւանքով երկրում ձևավորվել են արհեստականորեն բարձր գներ, խեղդվում է մրցակցությունը, մանր և միջին գործարարությունը, աճում սոցիալական բևեռացումը և աղքատությունը:
ՀՀ Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածներով համապատասխանաբար սահմանված է.
Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը:
Հոդված 33.1. Յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք:
Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը և անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են:
Մրցակցության սահմանափակումը, մենաշնորհի հնարավոր տեսակները և դրանց թույլատրելի չափերը կարող են սահմանվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հանրության շահերի պաշտպանության համար:
Այսպիսով, թե տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, թե միջազգային կազմակերպությունների, թե Հայաստանի քաղաքական և հասարակական կազմակերպությունների և փորձագետների տվյալներով`
– Հայաստանում խախտված է Սահմանադրության 8-րդ և 33.1-րդ հոդվածների պահանջը,
– տարիներ շարունակ մենաշնորհների առկայության և տնտեսական մրցակցության խաթարման պատկերի կրկնությունը վկայում է, որ ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում դրանք վերացնելու և վիճակը կարգավորելու ուղղությամբ», – արձանագրում է հարցապնդումը:
Այս ամենը հաշվի առնելով՝ ՀԱԿ խմբակցությունն անհրաժեշտ է համարում, որպեսզի ՀՀ կառավարությունը Ազգային ժողովին ներկայացնի հետևյալ հարցերի պատասխանները`
1. Ունի՞, արդյոք, կառավարությունը հակամենաշնորհային քաղաքականության և ազատ տնտեսական մրցակցության ապահովման գործողությունների ծրագիր, ինչպես է այն իրագործվում,
2. Մշակվա՞ծ է, արդյոք, խնդրի լուծմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթ, և երբ է այն ներկայացվելու Ազգային ժողովի քննարկմանը: