Հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) պարտադիր ներդրման վերջնաժամկետը փոխվել է՝ սահմանվելով մինչև 2013 թվականի հուլիսի 1-ը: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
«Նոր տեխնիկական չափանիշներով ՀԴՄ-ների ներդրումը պարտադիր էր հունվարի 1-ից, սակայն որպեսզի գործընթացն ավելի սահուն կազմակերպվի և նաև տնտեսվարող սուբյեկտները ժամանակային առումով խնդիրներ չունենան ՀԴՄ-ներ ձեռք բերելու և տեղադրելու հետ կապված, նախատեսվեց վերջնաժամկետը տեղափոխել : Սա վերաբերելի է 500 միլիոն դրամ և ավել իրացման հասույթ ունեցող տնտեսվարող սուբյեկտներին՝ նախորդ տարվա արդյունքներով: Ինչ վերաբերում է մյուս տնտեսվարող սուբյեկտներին, որոնք հարաբերականորեն ավելի փոքր իրացման շրջանառության ծավալներ ունեն, ապա նրանց մասով ՀԴՄ-ների ներդրման վերջնաժամկետը սահմանվելու է մինչև 2015 թվականի հունվարի 1-ը, այնպես, ինչպես սահմանված է ներկայումս գործող ՀԴՄ –ների մասին ՀՀ օրենում»,- ասել է Միրումյանը:
Նա նաև տեղեկացրել է, որ զուգահեռաբար կառավարությունն ընդունել է նաև ՀԴՄ-ների ներդրման գրասենյակ՝ Պետական ոչ առևտրային կազմակերպոթյուն (ՊՈԱԿ) ստեղծելու մասին որոշումը, որի նպատակները երկուսն են լինելու առաջինը՝ ՊՈԱԿ-ը պետք է իրականացնի ՀԴՄ-ների ներդրման կազմակերպումը, երկրորդ՝ պետք է իրականացնի դրանց սպասարկման կազմակերպումը: