Ներկայումս քաղաքական դաշտին խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկ անելով՝ ԲՀԿ-ն ընդամենն օգտվում է նախկինում արդեն բազմիցս շրջանառված այդ գաղափարից, որպեսզի հասնի ՀՀԿ-ի հետ իրեն ձեռնտու ստվերային պայմանավորվածությունների կայացմանը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՌԱՀՀԿ փորձագետ Սարո Սարոյանը: Նրա խոսքով՝ հենց այդ նույն նպատակով էլ ԲՀԿ-ն ներգրավում է նաև այլ ուժերի:
Հիշեցնենք, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու մասին օրերս հայտարարել էր ԲՀԿ անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ միաժամանակ այդ քննարկումներին մասնակցելու առաջարկ անելով այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ին ու ՀՅԴ-ին:
Ըստ Սարո Սարոյանի` նման առաջարկ անելով՝ ԲՀԿ-ն վերցնում է ՀՀԿ-ի կողմից իրեն նետված «խայծը», այն է՝ վարչապետի ու ԱԺ նախագահի կողմից հայտարարությունները, թե հնարավոր է սահմանադրական փոփոխությունների ճանապարով նոր փոխվարչապետի պաշտոնի ստեղծում, որի տակ ենթադրվում է ԲՀԿ-ին հատկացվող կոնկրետ պաշտոնի ակնարկ:
«ԲՀԿ-ի կողմից խորհրդարանական համակարգի և 100% համամասնական ընտրական կարգին անցելու առաջարկները դառնում են, փաստորեն, առևտրի առարկա` ՀՀԿ-ի հետ քննարկումներում: Ճանապարհն առանց բարդությունների անցնելու համար առաջարկ է արված նաև ՀՅԴ-ին ու ՀԱԿ-ին՝ միանալու պայմանավորվածություններին: Ընդհանուր առմամբ հակում ունենալով գնալ սահմանադրական փոփոխությունների՝ միմյանց միջև հնարավոր նոր ստվերային պայմանավորվածությունները ամրագրելու համար, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն միաժամանակ դուռ են բացում նաև ողջ քրեաօլիգարխիկ ռեժիմի հաստատած նախկինից ժառանգություն մնացած փաստացի իրավիճակը իրավաբանորեն ամրագրելու համար: Այդ նպատակին կարող է ծառայել հենց խորհրդարանական համակարգի անցնելու ԲՀԿ-ի առաջարկը: Սակայն, բացի դա, նույնքան մեծ վտանգ է դառնում նաև հայաստանյան ռեժիմի հովանավոր Մոսկվայի ներգրավման հնարավորությունը սահմանադրական փոփոխությունների գործընթացում», – ասել է քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ ՀՀԿ-ԲՀԿ ամուսնության դեպքում Կրեմլն իր հավանությունը տալու համար կպահանջի լրացուցիչ զիջումներ:
«Թե ով իր վրա կվերցի Կրեմլի մեծ ախորժակն ու կհրապարակայնացնի մյուս մեծ դավադրությունն ընդդեմ ժողովրդի ու պետության, հարց է մնում: Այսպիսով, ներկայացվածի համատեքստում կարելի է ասել, որ դրվելիք հարցերի շրջանակում անգամ փոխվարչապետի հարցը կարող է ամենից «անմեղը» դառնալ»,- եզրափակել է Սարոյանը: