Home / Հայաստան / ՀՅԴ-ն ասել է՝ ինչն է առաջնահերթ. ընտրություններին մասնակցելու ձևաչափը չի հստակեցնում

ՀՅԴ-ն ասել է՝ ինչն է առաջնահերթ. ընտրություններին մասնակցելու ձևաչափը չի հստակեցնում

Միայն մրցակցային, բովանդակությամբ ազատ, արդար, նոր որակի ընտրությունների դեպքում կվերականգնվի հասարակության վստահությունը, կբարելավվի  բարոյահոգեբանական մթնոլորտը, երկիրը բնականոն, անվտանգ և թռիչքաձև զարգացման հեռանկար կունենա։ Այս մասին ասված է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի հայտարարության մեջ:

«Առ այդ` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, այս հայտարարությամբ, քաղաքական օրակարգ է բերում այն հիմնախնդիրները, որոնց առաջադրմամբ և լուծմամբ կարող ենք դուրս գալ տևական տեղապտույտից.

1. Ստեղծել ժողովրդի ազատ կամարտահայտությամբ իշխանության ձևավորումն ու փոփոխությունը երաշխավորող ընտրական համակարգ. բացառել ընտրակաշառքը, պետական-վարչական ռեսուրսի օգտագործումը, անցում կատարել խորհրդարանի ընտրության 100 տոկոս համամասնական սկզբունքի։

2. Մինչև 2015թ. ավարտը նախաձեռնել Սահմանադրական փոփոխություններ`  կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու նպատակով:

3. Իշխանություններին վերահսկելու և հակակշռելու նպատակով` օրենքով երաշխավորված գործուն լծակներ տրամադրել ընդդիմությանը։ Մասնավորապես` Քաղաքացիական ծառայության խորհրդի, Տնտեսական մրցակցության պաշտպանության և Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովների,  ինչպես նաև ստեղծվելիք հակակոռուպցիոն գործակալության ղեկավարումը վերապահել ընդդիմությանը: Վերահսկիչ պալատի խորհրդում ընդդիմությանը քվոտա ամրագրել:

4. Հստակ տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ապահովել դատական իշխանության լիարժեք անկախությունը։ Արմատական փոփոխության ենթարկել տնտեսական քաղաքականությունը` նպատակ դարձնելով նոր  աշխատատեղերի ստեղծումը, արժանապատիվ վարձատրությունը և աղքատության վերացումը:

5.Ամրագրել պետության կազմակերպիչ-կարգավորիչ դերակատարությունը հավասար հնարավորություններով հասարակության կայացման, բարիքների ստեղծման ազատությունը և դրանց բաշխման արդարությունը ապահովելու գործում: Սոցիալական քաղաքականության հիմքում դնել կենսապահովման նվազագույն բյուջեի մեծությունը:

6. Արտաքին քաղաքականության մեջ որդեգրել ազգային-պետական այնպիսի ուղեգիծ, որի գերխնդիրն է հայկական պետականության անկախության, անվտանգության և ինքնուրույնության ապահովումը:

7. ՀՀ և ԼՂՀ  միջև կնքել ռազմաքաղաքական  դաշինք:  Ամրագրել, որ հիմնախնդրի լուծման հիմքը Արցախի բնակչության  համաժողովրդական հանրաքվեներով արդեն իսկ արտահայտված կամքն է: Բանակցություններում ապահովել ԼՂՀ կարգավիճակի և անվտանգության առաջնայնությունը:

Ետ կանչել ՀՀ ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից: Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել` մեկնելով  ազգային անվտանգության ռազմավարությունից, չվտանգելով հայ ժողովրդի նպատակների իրականացման,  պատմական արդարության վերականգնման հեռանկարը», – ասված է հայտարարության մեջ:

Դաշնակցությունը համոզմունք է հայտնում, որ այս խնդիրների լուծումն է իրենց առաջնահերթությունը։ Նախագահական ընտրություններից հետո, հաջորդ հինգ տարիներին, պետական կառավարման արդյունավետությունը պայմանավորված է լինելու ընտրվելիք նախագահի`  այս մարտահրավերները գիտակցելու, ստանձնելու եւ լուծելու հանձնառությամբ։

Մեկնելով այս հաստատումներից` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը նախաձեռնում է քաղաքական քննարկումներ կուսակցությունների, հասարակության լայն շերտերի և մասնագիտական խմբերի հետ։

Այդ քննարկումների արդյունքում Դաշնակցությունը կհստակեցնի իր մասնակցության ձևն ու տարողությունը նախագահական ընտրություններին։