Երեկ Մոսկվայում, գաղտնիության պայմաններում կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա ավանդական դրամահավաք–ճաշկերույթը։ Մասնակիցների կողմից տրվել է ավելի քան 12 միլիոն ԱՄՆ դոլարի նվիրաբերման խոստում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Այս փաստը թերթի թղթակցին հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, որը նույնպես ներկա է եղել ճաշկերույթին։
«Տարօրինակ է, բայց մեր թղթակցի հարցմանը ՀՀՀ գրասենյակի մամուլի բաժնից պատասխանել են, որ առաջին անգամ իրենից են լսում ճաշկերույթի մասին։ Տարօրինակ է նաև, որ ճաշկերույթին մասնակցելու համար Մոսկվա է մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, այնինչ նրա այցի մասին պաշտոնապես չի հաղորդվել։ Այս տարի նույնպես՝ անցյալ տարվա նման, դրամահավաք-ճաշկերույթին ներկա չի եղել Սերժ Սարգսյանը, փոխարենը՝ գնացել էր Մեղրի։ Մինչև անցյալ տարի Սարգսյանն այս միջոցառումը բաց չէր թողնում՝ դա դարձնելով հեռուստաալիքների լուրերի համար առաջին թեման», – գրում է «ՀԺ»-ն: