Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է, գրում է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։
Սակայն թերթի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։
«Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից», – նշել է աղբյուրը:
Թերթը հարցրել է ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանին, թե արդյո քննարկվում է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնել Մոսկվա ։
«Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է «Տարվա մարդ»՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնենք»,– պատասխանել է խոսնակը: