Ավանը և Նորք Նորքի մի հատվածն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն արդեն մի քանի օր է` հանդիպումներ է անցկացնում բնակիչների հետ: Epress.am-ի հետ զրույցում թեկնածուն ասել է, որ մարդկանց դժգոհությունն իշխանություններից համատարած է:
«Սակայն դա դեռ արդյունքի վրա ազդեցություն ունեցող գործոն չի, որովհետև իշխանությունները ցույց են տվել, որ հիմնական գործողությունները իրենք սկսում են իրականացնել վերջին օրերին: Դա ընտրակաշառքի և այլ ռեսուրսների կիրառումն է: Որոշ հնարավորություններ ունենք, որպեսզի կարողանանք դրա դեմն առնել»,- ասել է Արմենակ Դովլաթյանը: Հիշեցնենք, որ նույն ընտրատարածքում առաջադրվել են Ստեփան Սաֆարյանը` «Ժառանգություն» կուսակցությունից, Էդուարդ Պետրոսյանը` ՀԺԿ-ից և Ռոբերտ Սարգսյանը՝ ՀՀԿ-ից: 1-ին ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ մանդատից հրաժարվել էր Ռուբեն Հայրապետյանը:
Արմենակ Դովլաթյանը, խոսելով խախտումների մասին, նշել է, որ առայժմ անձնագրերի և վիզաների վարչությունը իր էլեկտրոնային կայքում չի տեղադրել ընտրատարածքում ընտրողների ցուցակները, ինչն արդեն պետք է արված լիներ:
Արմենակ Դովլաթյանն ընդգծել է, որ հիմնական մրցակից է համարում իշխանության ներկայացուցիչ Ռոբերտ Սարգսյանին, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին է:
«Ժառանգության» թեկնածու Ստեփան Սաֆարյանն արդեն մի քանի խախտում է արձանագրել, մասնավորապես, դպրոցներում քարոզարշավների և հավաքների անցկացումը և վաղաժամ քարոզչության իրականացումը:
Սաֆարյանը նույնպես արդեն հանդիպումներ է ունեցել ընտրողների հետ, որոնց հիմնական դժգոհություններից է պատգամավորի հետ կապի բացակայությունը : Բնակիչների խոսքով՝ ընտրվելուց հետո պատգամավորներն ընտրողներին չեն հիշում, և բնակիչների ընդհանուր խնդիրներն անլուծելի են մնում:
Ստեփան Սաֆարյանի խոսքով՝ ինքն արդեն մտածել է ընտրակաշառքի դեմ մեխանիզմներ գտնելու մասին, բայց առայժմ չի բարձրաձայնում դրանք:
Մեր հարցին, թե ով է իր հիմնական մրցակիցը, Սաֆարյանը պատասխանել է.
«Հիմնական մրցակից համարում եմ իշխանության մարմիններին, բոլորին, որովհետև, ըստ էության, մեր դեմ աշխատում են ամբողջ մարմնով»: