Home / Հայաստան / «Փուչիկների գործով» մեղադրյալի համար դրամահավաք են սկսել

«Փուչիկների գործով» մեղադրյալի համար դրամահավաք են սկսել

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանին օգնելու համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և ՀՀ քաղաքացիներ դրամահավաք են սկսել: Այդ մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է գրող, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը, ով ևս այդ դրամահավաքի նախաձեռնող խմբի անդամ է:

«Այս շաբաթվա կտրվածքով իրադարձություններից մեկն այն  էր, որ բացահայտվեց նաև այն փաստը, որ հայտնի փուչիկների գործով մեկ տարվա ազատազրկման դատապարտված Սերոբ Բոզոյանը ծայրահեղ ծանր վիճակում է, որովհետև նա ունի նաև քաղցկեղ: Այդ հանգամանքը հաշվի չի առնվել դատարանում և չի մեղմացվել դատավճիռը: Դրա հետ մեկտեղ իր հոգեբանական ծանր իրավիճակից նրա մոտ սկսվել է ներքին արնահոսություն և նա ֆինանսապես անկարող է դիմել բժիշկներին:

Այս շաբաթ նաև պարզվեց, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը  ոչ միայն նրան դատապարտել է ապօրինի ազատազրկման, այլև՝ չի վճարել փուչիկների լիցքավորման ծառայության համար նախատեսված գումարը», – ասել է Զառա Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ երբ այդ ամենը հայտնի է դարձել, մի խումբ մարդիկ դրամահավաք են նախաձեռնել:

Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն արդեն փոխանցել է 100 հազար դրամ: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են օգնել կարող են կապվել Զառա Հովհաննիսյանին Facebook սոցիալական ցանցի միջոցով:

Սկզբում ակտիվիստները պատրաստվում են հոգալ նրա բժշկական ծախսերը, որոնք կազմում են 160 հազար դրամ, ապա նաև օգնել Բոզոյանի ընտանիքին, որը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, քանի որ Բոզոյանը ընտանիքի միակ կերակրողն է:

Բոզոյանը կկալանավորվի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ նոյեմբերի 17-ին, իսկ այժմ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը չհեռանալու մասին ստորագրությունն է: