Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստների գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն այսօր դատական նիստում թույլ է տվել ՀՀ Քրեադատավարական օրենսգրքի մի շարք կոպտագույն խախտումներ։ Դատարանը մերժել է պաշտպանական կողմի բոլոր 8 միջնորդությունները և, ի պատասխան այդ ապօրինության դեմ բողոքի, ամբաստանյալներին հեռացրել դատարանի դահլիճից։ Դատարանն այդ քայլին գնացել է ստիպված՝ խուսափելու համար այն փաստերի քննությունից, որոնք ամբողջությամբ հիմնազուրկ են դարձնում մեղադրանքը։ Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության հեղինակները նշում են, որ դատական նիստից հեռացված լինելու հանգամանքով ամբաստանյալները զրկվել են դատաքննությանը, դատական վիճաբանություններին մասնակցելու, իրենց դիրքորոշումները ներկայացնելու, պաշտպանական ճառի և վերջին խոսքի՝ օրենքով սահմանված իրավունքներից։ Մերժվել է պաշտպանական կողմի նկատմամբ հրապարակավ բացասական վերաբերմունք արտահայտած, ընդհուպ մինչև ամբաստանյալների հասցեին անպարկեշտ արտահայտություններ թույլ տված դատավորներ Ա. Դանիելյանին և Մ. Արղամանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը:
ՀԱԿ-ը նշում է, որ դատարանի կողմից պաշտպանական կողմի միջնորդությունների մերժման հետեւանքով՝
– Խախտվել է դատավարության կողմերի իրավահավասարության սկզբունքը։
– Խախտվել է ամբաստանյալների դատական պաշտպանության իրավունքի սկզբունքը։
– Գործը չի քննվել անկախ եւ անաչառ դատարանի կողմից։
– Պաշտպանության կողմը զրկվել է վկաներ կանչելու իրավունքից:
Վերոհիշյալ խախտումներից յուրաքանչյուրն առանձին, առավել ևս բոլորը միասին հանգեցրել են արդար դատաքննության սահմանադրական իրավունքի խախտման: Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է այս գործելակերպը և արձանագրում, որ այս ամենն, ակնհայտորեն, ունի քաղաքական դրդապատճառներ և պայմանավորված է ամբաստանյալների՝ ընդդիմությանը հարելու, ակտիվ քաղաքական գործունեությամբ զբաղված լինելու հանգամանքով: