Թուրքիայի Դատական բժշկության խորհրդի (ATK) փորձագետները Թուրքիայի 8-րդ նախագահ Թուրգութ Օզալի աճյունի մնացորդներում թույնի հետքեր են գտել: Այս լուրը թուրքական Today’s Zaman պարբերականի հետ զրույցում հաստատել է ATK-ի ներկայացուցիչներից մեկը: Ավելի վաղ՝ նոյեմբերի 2-ին, թուրքական ԶԼՄ-ները գրել էին թունավորման փաստի մասին, սակայն պաշտոնական աղբյուրը հրաժարվել էր հաստատել այդ լուրը:
Այժմ հնարավոր է ենթադրել, որ Օզալին թունավորել են: Նշենք, որ, համաձայն պաշտոնական վարկածի, Թուրքիայի 8-րդ նախագահը մահացել է սրտի կաթվածից:
Պարբերականի աղբյուրը նաև նշել է, որ փորձագետները աճյունի թաղման վայրից հողի նմուշներ են վերցրել, որպեսզի համոզվեն, որ տվյալ հատվածում հողը թունավորված չէ: Հողի նմուշներում մանսագետները ոչ մի թունավոր տարր չեն գտել:
Մասնագետները նաև կարողացել են պարզել, որ աճյունի մնացորդներում գտնված թույնը կարող էր ծանր մետաղ լինել կամ գյուղատնտեսության մեջ օգտագործվող թունաքիմիկատ: Ենթադրություն կա, որ դա եղել է ստրիխնին-կերատին: Այլ մանրամասներ մասնագետները չեն կարող հաղորդել. նրանք նշում են, որ եթե փորձագիտությունն անցկացվեր Օզալի մահից անմիջապես հետո, ապա դատաբժիշկները հնարավորություն կունենային իմանալ մահվան հետ կապված բոլոր մանրամասները:
Թուրքիայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել նշված տեղեկատվությունը:
Նշենք, որ արտաշիրիմում անցկացնելու որոշումը կայացվել էր Թուրքիայի դատախազության կողմից սեպտեմբերին այն բանից հետո, երբ հուլիսին նախագահ Աբդուլա Գյուլին կից Պետական վերահսկողական մարմինը զեկույց էր պատրաստել, որում ենթադրություն կար, թե Թուրգութ Օզալին թունավորել են կենդանության ժամանակ:
Նշենք, որ դեռևս 1996 թվականին Քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ Օզալին թունավորել են Թուրքիայի հատուկ ծառայությունները, քանի որ նա պայմանավորվածություններ էր ձեռք բերել քուրդ անջատողականների ղեկավարների հետ՝ հակամարտությունը լուծելու շուրջ:
Օզալի կինը՝ Սեմրան, պահանջել էր հետաքննություն անցկացնել, սակայն պետական այրերը հրաժարվել էին դա անել: