Թռչկան ջրվեժից մոտ 1 կմ ներքև՝ Չիչխան գետի վրա գործող փոքր ՀԷԿ-ի շահագործման արդյուքնում գետը գրեթե ամբողջովին ջրազրկվել է և ցամաքելու եզրին է: Ձկնուղի ընդհանրապես գոյություն չունի, էկոթողքը պահպանված չէ, շրջակա միջավայրը կամաց-կամաց ոչնչանում է, իսկ ոռոգման ջրի կորստի պարագայում մեծ վնաս է հասցվում գյուղատնտեսությանը, գյուղացիները զրկվում են ոռոգման ջրից: Այս մասին այսօր ահազանգել է «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը: Բնապահպանները նշում են, որ ՀԷԿ-ի շահագործման վրա պետական վերահսկողությունը ընդհանրապես բացակայում է, նրանց սեփականատերերը պատասխանատցության չեն կանչվել, ինչը վկայում է այն մասին, որ այս ՀԷԿ-ը «անհիմն լիցենզիաներ «շռայլորեն բաժանելու» ևս մեկ օրինակ է:
«Փաստորեն կրկին բնապահպաններ են բացահայտում ապօրինություններն ու բնական ռեսուրսների բացահայտ թալանը, բայց այս տեսանյութի հրապարակումից հետո ՀՀ բնապահպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները կրկին հանդես կգան հայտարարությամբ և մամուլի միջոցով կփորձեն համոզել, թե իրենք ինչ բարձրակարգ վերահսկողություն են իրականացնում, ինչպես դա արեցին Խոսրովի անտառ պետական արգելոցում կատարված որսագողության դեպքի բացահայտելուց հետո… նույնիսկ այդ դեպքը դաս չեղավ ՀՀ բնապհպանության նախարարությանը, որպեսզի պատշաճ իրականացնի իր գործառույթներն ու լիազորությունները», – ասված է բնապահպան ակտիվիստների հայտարարության մեջ:
Նախաձեռնությունը խնդրի վերաբերյալ տեսանյութ է տարածել.