Նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզում արձանագրված սննդային թունավորման դեպքի կապակցությամբ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել են մի շարք շեղումներ:
Այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը:
Կայքի տեղեկացմամբ՝ շրջակա միջավայրից վերցված լվացուկներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ոսկեգույն ստաֆիլակոկ, որոշ սննդամթերքում` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ: Արձանագրված լաբորատոր շեղումները փաստում են, որ երեխաների մոտ սննդային թունավորումն առաջացել է մանկապարտեզում սանիտարահիգիենիկ կանոնների և հակահամաճարակային ռեժիմի խախտման հետևանքով առաջացած երկրորդային մանրէային աղտոտվածության արդյունքում:
Ներկայումս բոլոր հիվանդներն առողջացել և դուրս են գրվել:
Մանկապարտեզի տնօրինությանը տրվել են առաջարկություններ հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզից սննդային թունավորման ախտանշաններով Արարատ քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել 7 երեխա: Բժիշկները հորդորել են հիվանդանոց բերել նույն մանկապարտեզի բոլոր այն երեխաներին, ում մոտ թեկուզ շատ թեթև ախտանշաններ են եղել։ Արդյունքում՝ ավելի ուշ հիվանդանոց է տեղափոխվել ևս 6 երեխա: