«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։ Ինչպես հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։
«Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր: Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000 դրամ», – նշված է օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։
Կարեն Իսրաելյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
Պաշտպանը գրություններ է ուղարկել Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Ըստ ՄԻ պաշտպանի՝ Արդարադատության նախարարությունը խախտել է օրենքը՝ գործելով ի շահ «Նաիրիտ» գործարանի:
Անդրեասյանն Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին: