Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի փոխհատուցումների եվրոպական կոնվենցիան վավերացնելու մասին հարցը 2003 թվականից Ազգային ժողովի օրակարգում է, սակայն մի աներևույթ ձեռք այդ կոնվենցիայի վավերացումը հետաձգում է արդեն տասը տարի: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Կարելի էր ենթադրել, որ այս աննախադեպ ձգձգումը պայմանավորված էր տարածաշրջանային խնդիրների հետ, բայց սույն կոնվենցիան վավերացված պետության պատասխանատվությունը սահմանափակվում է նրա տարածքում կատարված հանցագործություններով, և, որ ամենկաարևորն է, դրան միացել է նաև Ադրբեջանը: Այդ դեպքում ո՞րն է այդ կոնվենցիայի մինչ օրս չվավերացման պատճառը», – ասել է Ջհանգիրյանը:
Նա կարծիք է հայտնել, որ իշխանությունները կաշկանդված են վերջինիս վավերացմամբ, քանի որ 2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում հարյուրավոր խաղաղ քաղաքացիներ են ջարդել ու փշրել (ծեծի ենթարկված երթի մասնակիցները պահանջում էին վստահության հանրաքվե անցկացնել՝ ի կատարում Սահմանադրական դատարանի որոշման – խմբ.), 2008 թվականի մարտի 1-2-ին, առնվազն տասը քաղաքացի են սպանել, հարյուրավորներին պատճառել ծանր, այդ թվում՝ հրազենային վնասվածքներ, խեղել ու հաշմանդամ դարձրել: Մինչև օրս ոչ ոք դրանց համար պատասխանատվության չի կանչվել ու չի դատապարտվել: Հետևաբար գործող օրենսդրության համաձայն, թե՛ սպանվածների իրավահաջորդները, թե՛ մարմնական վնասվածքներ ստացածները վնասների ոչ մի փոխհատուցում չեն ստացել: Միևնույն ժամանակ, մարտի 1-2-ին Մյասնիկյանի արձանին և քաղաքապետարանին հարող տարածքներում իբր թե թալանված խանութների ու վնասված ավոտեմեքենանարի սեփականատերերը կառավարության կողմից «Երևան» հիմնադրամի հատկացված դրամական միջոցների հաշվին գանձապետարանի անտոկոս մուրհակի տեսքով լիակատար փոխհատուցվել են»,- ասել է Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշել է, որ իշխանությունները նախ պարտակում են անձի կյանքի ու առողջության դեմ ուղղված ծանր հանցանքները, մեղավորներին չեն կանչում քրեական պատասխանատվության, նրանց միջոցներից չեն փոխհատուցում հանցանքներից տուժածներին ու զոհերին, նաև մերժում են միջազգային իրավական միջոցներով քաղաքացիների փոխհատուցում ստանալու արդարացի իրավունքը:
Ջհանգիրյանի խոսքով՝ ԱԺ-ի կողմից այս կոնվենցիայի վավերացումը կվերահաստատեր սեփական քաղաքացիների կյանքի ու առողջության պահպանության, Հայաստան պետության սահմանդրությամբ ստանձնած պարտականությունը: