Դերասան Հովհաննես Ազոյանը ցավում է ՀԱԿ ակտիվիստների դեմ ընդունված դատավճռի համար՝ դա բացատրելով քաղաքական գործընթացներով: Այս մասին Ազոյանը գրել է երեկ Facebook սոցցանցի իր էջում՝ ՀԱԿ ակտիվիստների գործով Վերաքննիչ դատարանում կայացած նիստից հետո:
Հիշեցնենք, որ երեկ ամբաստանյալների պաշտպանության բերված բոլոր միջնորդությունները մերժվել են, իսկ վճիռը հրապարակվելու է այսօր:
«Սիրտս կտոր-կտոր է լինում ՀԱԿ-ի տղաների ազատազրկման ենթարկելու որոշման պատճառով, բայց մյուս կողմից հասկանում եմ, որ միգուցե թքած ունեք իմ սրտի վրա: Էլի մեղադրելու չէ: Քաղաքական պրոցեսներն են մեղավոր: Եթե պատիվ ունենայի հանդիպել Լևոն Տեր-Պետրոսյանին և Սերժ Սարգսյանին, ապա կասեի՝ «Պարոնայք, ձեր քաղաքական պրոցեսների պատճառով ստեղծել եք մի մեքենա, որը խժռում է մեզ և խժռում է բոլորիս, իսկ բոլորի մեջ մտնում են բոլորը, ինչո՞ւ եք բոլորիս առաջ խաչում ազատասեր այդ տեսակին: Ինչո՞ւ եք կոտորում նրանց ապագան, երազանքները, սերը, նոր տարին, ճերմակ ձյունը, որը շատ սիրուն է լինում Երևանում, գարունը: Ինչո՞ւ: Եթե պատասխանը լինի՝ այդպես է պետք, ապա ՀԱԿ-ի տղաներին կասեմ՝ տղերք, բարի երթ դեպի բանտ, և կրեք ձեր պատիժը արժանապատիվ: Դա ձեր առաքելությունն է: Իսկ ես կփորձեմ ծիծաղեցնել և ծիծաղել», – գրել է Ազոյանը:
ՀԱԿ-ի որոշ համակիրներին, սակայն, դուր չի եկել այն, որ դերասանը դատավճռի մեջ մեղավոր է համարել քաղաքական գործընթացները:
Մանսավորապես, ՀԱԿ ատիվիստ Արեգ Գևորգյանը, անդրադառնալով Ազոյանի գրառմանը, Facebook-ում նշել է.
«Սպանությունների, քաղաքական հետապնդումների, հալածանքների գնով իշխանության եկած և իշխանություն պահող Սերժիկ Սարգսյանը կրում է միանձնյա պատասխանատվություն Հայաստանում ստեղծված իրավիճակի համար: Նրա որոշմամբ են դատարանները իրականացնում ՀԱԿ երիտասարդների նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, նա է իրականացնում մարդասպանների հովանավորումը և երկրի տոտալ թալանը: Այս իրողությունը լղոզել փորձողները ուղղակի դառնում են Սարգսյանի հանցակիցը, որովհետև չտեսնել, չհասկանալ այս ամենն անհնար է: Եթե մտահոգ եք Հայաստանի ապագայով, ապա քննադատեք ոչ թե քաղաքական պրոցեսները, այլ կոնկրետ գործերը: Հովհաննես Ազոյանի լռությունը այս պարագայում ավելի օգտակար կլիներ երիտասարդների համար»: