Երեկ ՀՀ ԱԺ լիագումար նիստում ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացրել է ոչ թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, այլ ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, փաստը կարևորել է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
«Դա ավանդույթ է, վարչապետը լիագումար նիստում նախագիծը ներկայացնելու սկզբում ելույթ չի ունենում», – թերթի թղթակցին փորձել է համոզել ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Վերջինս պնդել է, թե ինքը 10 տարի է ԱԺ-ում է ու լավ է հիշում:
«Լավ չի հիշում: 2011 և 2012 թվականների բյուջեների նախագծերը լիագումար նիստում ներկայացրել է հենց Տիգրան Սարգսյանը՝ 2010-ի նոյեմբերի 17-ին և 2011-ի նոյեմբերի 15-ին», – նշում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ Նիկոյանն այդ ժամանակ եղել է փոխխոսնակ:
Թերթն ընդգծում է, թե կարծիքներ կան, որ Սարգսյանը, այդպիսով, պարզապես խուսափել է բյուջեի մասին պատգամավորների հարցրեին պատասխանելուց:
«Սրա մասին է վկայում նաև այն, որ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նախագիծը ներկայացրեց ինքը, բայց հենց վրա հասավ հարցեր տալու ժամանակը, «անգլիական ձևով» հեռացավ դահլիճից», – եզրափակում «ՀԺ»-ն: