ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը շարունակում է հետևողականություն ցուցաբերել Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի գործի ընթացքին:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբը հայտնում է, որ դեսպան Հեֆերնը նախորդ շաբաթ հեռախոսազրույց է ունեցել սփյուռքահայ գործարարի հետ, որի ընթացքում դեսպանատան իրավաբանները և անձամբ դեսպանը Էդմոնդ Խուդյանից տեղեկացել են գործի վերաբերյալ բոլոր մանրամասներին և խոստացել շարունակել հետևողականություն ցուցաբերել այդ գործում:
Նախաձեռնող խմբի տեղեկություններով` դեսպան Հեֆերնը ամերիկահայ գործարարին տեղեկացրել է, որ դեսպանատան իրավաբանները շարունակելու են ներկա գտնվել Խուդյանի գործով բոլոր դատավարություններին, նրանց հայտնի են դրանցից յուրաքանչյուրի մանրամասները և, դատավարությունների ընթացքից ելնելով, դեսպանատունը հետևություններ է կատարում, թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում: ԱՄՆ դեսպանը նաև կապվել է ՀՀ նախագահի աշխատակազմի հետ, տեղեկացրել ԱՄՆ քաղաքացու շուրջ ստեղծված վիճակի մասին և պարզաբանումներ պահանջել 2 տարի ձգձգվող և չվերջացող նախաքննության ներկա փուլի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ԱՄՆ դեսպանին ուղարկած նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտացված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը: