Home / Հայաստան / Հայաստանում գիտեն` ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին. արձագանք Օսկանյանի հարցազրույցին

Հայաստանում գիտեն` ինչ է տեղի ունեցել մարտի 1-ին. արձագանք Օսկանյանի հարցազրույցին

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր անդրադարձել է ԲՀԿ-ական պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի վերջին հարցազրույցում մարտի 1-ի վերաբերյալ հնչեցրած խոսքերին:

Տեր-Աբրահամյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Վարդան Օսկանյանն իր վերջին հարցազրույցում, պատասխանելով մարտի 1-ի մասին հարցին, ասում է. «Եթե ճանաչում եք մեկին, ով գիտե, թե ճշգրտորեն ինչ է տեղի ունեցել այդ օրը, ինձ ցույց տվեք այդ մարդուն»: Մի քիչ հետո ավելացնում է.  «Եթե մի օր կարողանաք օբյեկտիվորեն վերլուծել պատահածը, եթե անվիճելի փաստեր ունենանք, մենք բոլորս կընդունենք դա»:

Ուզում եմ ասել, որ մեկը, որին փնտրում է Օսկանյանը, ես եմ, և ես ճշգրտորեն գիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը: Իհարկե, համոզված եմ, որ ես միայնակ չեմ ու Հայաստանում քիչ չեն այն մարդիկ, որոնք նույն ճշգրտությամբ գիտեն այդ իրողությունը: Խոսքը բնավ էլ դետալների մասին չէ, խոսքը խնդրի էության մասին է, որն ավելի քան պարզ է: Նախքան, սակայն այդ թեմային անցնելը, մի երկու խոսքով փորձեմ գրելիքս ճիշտ շրջանակի (կոնտեքստի) մեջ տեղադրել: Այսօր ամեն երիտասարդ հանրապետական, քնից արթնանալով մտածում է, թե ինչպես անի, որ Օսկանյանի անցյալն ու ներկան ավելի թունդ քննադատի, ձեռի հետ էլ հեռահար ուղերձներ («հայերեն» մեսիջներ) ուղարկի նախկին «հանցավոր ռեժիմի» հասցեին: Քանի որ այդ կարմիրշորտիկավոր խմբակի ներկայացուցիչներին որևէ պարագայում ցանկություն չունեմ լավություն անելու, ոչ էլ անցյալի  նկատմամբ ընդդիմադիր հոծ շարքերը համալրելու, միանգամից նշեմ, որ մարտի 1-ի թեման որքանով որ Օսկանյանի հետ առնչվում է, ապա նրանց  ու նրանց քաղաքական թիմի հետ տասնապատիկ ավելի է կապված, քանի որ հենց նրանք են, որ վայելում են իրենց պաշտոններն ու դիրքը՝ շնորհիվ 10 հոգու սպանդի:

Քանի դեռ ավազակապետությունը գլխավորում են Սերժ Սարգսյանն ու Հանրապետականը, նրանք էլ մնում են և մնալու են չարյաց փոքրագույնը, ինչպես «շուստրիկավարի» մտածում են ընդդիմադիր համարում ունեցող շատերը: Անցյալի մերկացման ցանկացած փորձ ներկաների կողմից ոչ միայն ծիծաղելի է, այլև մարդկայնորեն գարշելի: Այսքանը որպես նախաբան, իսկ այժմ՝ բուն խնդիրը: Շատ պարզ են հիմնավորումներս ու որևէ իրական նորույթ կամ սենսացիա չեն պարունակում: Բավական է տարրական տրամաբանության համակցումը տարրական բարոյականության հետ: Մարտի 1-ի առումով եղել է պաշտոնական վարկած: Դրա հիմնական դրույթներն էին՝

1.Ազատության հրապարակում անժամկետ ցույց անող ընդդիմությունը զինված էր:

Ոստիկանությունը մարտի 1-ի առավոտյան Հրապարակի զննման փորձ կատարեց և, հանդիպելով  դիմադրության, ցրեց հանրահավաքը: Ապա նույն Հրապարակում գտնվեց ընդդիմադիրներին պատկանող զինամթերք, որը ցուցոդրվեց հեռուստատեսությամբ:

2.Մարտի 1-ի երեկոյան Մյասնիկյան արձանի մոտ հավաքված  մարդկանց  մեջ նույնպես զինված մարդիկ կային, որոնք, ըստ այն ժամանակվա նախագահ Քոչարյանի, կրակում էին ոստիկանության վրա, ավտոբուսների ետևում թաքնվելով, և որի կադրերը մեզ խոսք էին տվել ցույց տալ:

3.Մարտի 1-ի երեկոյան ցուցարարները սկսեցին թալանել խանութները  և վառել ավտոմեքենաները: Այս ամենի արդյունքում իշխանությունը ստիպված էր ուժ կիրառել:

Պետք է միանգամից նշեմ, որ այդ վարկածից դե ֆակտո վաղուց հրաժարվել են բոլորը: Ո՛չ ներկա, ո՛չ նախկին իշխանությունները ներկայացնող որևէ մեկը նույնիսկ, այդ թվում և ինքը՝ Օսկանյանը, ոչ միայն չեն պնդում, այլ նույնիսկ չեն հիշատակում դա: Խնդիրն այն է, որ նշված կետերից և ոչ մեկը նույնիսկ  ՀՀ պաշտոնական արդարադատության կողմից չի հաստատվել: Պատկերացրեք  մարտի 1-ից  հետո 100-ից ավել ընդդիմադիր է ձերբակալվել, մեծ մասը դատվել է ոստիկանին հրելու, մի փոքր մասն էլ՝ «զանգվածային անկարգություն կազմակերպելու» մեղադրանքով:

Բայց ոչ մեկին չի ներկայացվել 1. Զինված լինելու մեղադրանք մարտի 1-ի առավոտյան  կամ  երեկոյան: Հրապարակում իբր գտնված զենքի որևէ տեր այդպես էլ  չբացահայտվեց, մոռացվեց դրա առկայությունն իսկ:

2.Այդպես էլ չտեսանք ավտոբուսի հետևից կրակողների կադրերը և չիմացանք կրակողների անունները, էլ չեմ ասում՝ նրանց նկատմամբ դատի մասին: Հասկացե՛ք, ոստիկան հրելու համար մարդիկ դատվել են ( բացարձակապես ոստիկանների ցուցմունքով ), իսկ կրակելու համար՝ ոչ: Հրաշք է  չէ՞ սա, եթե պաշտոնական  վարկածին հետևենք: Որքան գիտեմ՝ ոչ ոք չի դատվել նաև մեքենա վառելու համար, իսկ խանութ թալանելու համար մի քանի հոգու բռնել են, որոնց շատ արագ  բաց են թողել, որովհետև, եթե հիշողությունս չի դավաճանում, դրանք արտաշատցի էին  և Մկան հետ կապ են ունեցել (ցանկության դեպքում՝սա հեշտ է ստուգել, համենայն դեպս՝ փաստ է, որ ընդդիմությունից և ոչ ոք թալանի համար չի դատապարտվել):

Պարոն Օսկանյա՛ն, դուք հաստատ հիմար մարդ չեք, ի՞նչ է  այս ամենից հետևում:

Ըստ իս, միանշանակ հետևում է, որ իշխանության կողմից ուժային  գործողությունների դիմելու բոլոր հիմքերը հօդս են ցնդում: Պետք չէ կարդալ ոչ մի զեկույց, խորանալ որևէ մանրամասնության մեջ, ահա՛ մարդը, որը ձեզ ասում է՝ գիտեմ՝ ինչ է եղել ամենայն ճշգրտությամբ ու օբյեկտիվությամբ: Հուսամ, որ պատասխանը չի ուշանա և կլինի հրապարկային, ազնիվ ու տրամաբանական»: