Այսօր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակեց իր «Աշխարհի բնակչությունը» 2012 թ. զեկույցը, որն այս տարի նվիրված էր ընտանիքի պլանավորմանը, որը կարող է օգնել նվազեցնել աբորտներն ու մայրական մահացությունը, ասված է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Եթե ողջ աշխարհում բավարարվի բեղմնականխման միջոցների պահանջարկը, ապա մեկ տարվա ընթացքում կատարվող աբորտների թիվը կկրճատվի 26 միլիոնով: Արևելյան Եվրոպայում հղիությունների 48% -ն անցանկալի է, և դրանց ճնշող մեծամասնությունը՝ 79%-ն ավարտվում է հղիության արհեստական ընդհատմամբ:
Բեղմնականխման միջոցների տարածվածությունը 15-49 տարիքային խմբի կանանց շրջանում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որին պատկանում է նաև Հայաստանը, կազմում է 54%: Ընդ որում, այն կարծիքը, թե բեղմնականխման միջոցների գործածությունը և ծնելիությունը հակառակ համեմատական են, չի հաստատվում փաստերով: Մասնավորապես, Թուրքիայում բեղմնականխման միջոցների տարածվածությունը կազմում է 73% (ժամանակակից միջոցներինը՝ 46%), սակայն Թուրքիան համարվում է տարածաշրջանում բնակչության աճի հիմնական շարժիչներից մեկը և ունի ծնելիության 2.2 գումարային գործակից: Մինչդեռ Հայաստանում բեղմնականխման միջոցների գործածության նշված ցուցանիշը կազմում է 55% (27%), իսկ ծնելիության ցուցանիշը 1.7 է:
«Փոխարենը, Հայաստանում ընտանիքի խելամիտ պլանավորումը և բեղմնականխման ժամանակակից միջոցների գործածությունը կարող է էապես նպաստել այնպիսի ցավոտ խնդրի լուծմանը, ինչպիսին անպտղությունն է, և, հետևաբար, բնակչության աճին: Հայ ընտանիքների գրեթե ամեն հինգից մեկն անպտղություն խնդիր ունի: Նրանց գերակշիռ մասն ունի երկրորդային անպտղություն, ինչը նշանակում է, որ անձը նախկինում ունեցել է երեխա, սակայն ինչ-ինչ պատճառներով այլևս չի կարողանում: Իսկ այդ պատճառների մեջ պետք է առանձնացնել ոչ անվտանգ աբորտները և սեռավարակները, որոնք սեռական դաստիարակության թերիության կամ պարզապես բացակայության ու ընտանիքի պլանավորման հասանելի ու մատչելի ծառայությունների բացակայության հետևանք են», – ասված է զեկույցում: